երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Այսուհետ ևս շարունակելու եմ ծառայել պետության ամրացման ու մարդու իրավունքների պաշտպանության գործին. Թաթոյան

Այսուհետ ևս շարունակելու եմ ծառայել պետության ամրացման ու մարդու իրավունքների պաշտպանության գործին. Թաթոյան

Ցավոք, այսօր մեր երկիրը, մենք բոլորս կանգնած ենք պատմական նշանակության մարտահրավերների, արտաքին ամենալուրջ սպառնալիքների առաջ. մեզ պայքարի համար անհրաժեշտ է խաթարված հանրային համերաշխության վերականգնում, համազգային միասնություն ու վստահություն իրար նկատմամբ: Այս մասին ասվում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև վերջին վայրկյաններն աշխատել եմ բացարձակ նույն սկզբունքներով ու գաղափարներով, ինչ ընտրվելուս առաջին օրից սկսած` անկախությամբ և երդմանս հավատարիմ:

Ինձ համար իմ նվիրումի միակ չափանիշը եղել է ուժեղ պետականութունը՝ հիմնված մարդու իրավունքների ու ժողովրդավարության վրա։

Հենց ամուր պետականությունն է մեր իրավունքների իրական երաշխավորը, մեր Հայրենիքի պահապանը:

Ցավոք, այսօր մեր երկիրը, մենք բոլորս կանգնած ենք պատմական նշանակության մարտահրավերների, արտաքին ամենալուրջ սպառնալիքների առաջ. մեզ պայքարի համար անհրաժեշտ է խաթարված հանրային համերաշխության վերականգնում, համազգային միասնություն ու վստահություն իրար նկատմամբ:

Միայն այսպես կկարողանանք ամրացնել մեր պետականությունը և դառնալ վստահ առաջընթացի ճանապարհին:

Բայց այս նպատակի ճանապարհին պետք է ուժեղ լինի պետության նկատմամբ քաղաքացու վերահսկողությունը:

Հիմա անչափ կարևոր է այնպես անել, որպեսզի որևէ հանրային գործիչ չհամարձակվի մոլորեցնել այնպիսի հայտարարություններով կամ անի այնպիսի քայլեր, որոնք բխում են իր քաղաքական կամ անձնական շահերից, բայց վնասում են մեր երկրի ու բոլորիս անվտանգությունը:

Նման արատավոր երևույթները թուլացնում են մեր պետականությունը, սպառնալիք են մեր անվտանգությանը:

Առկա խնդրից թաքնվելով կամ խնդիրն անտեսելով` այն աղետի կվերածենք:

Ինքս, անկախ դժվարություններից, երբեք չեմ հուսահատվել: Կատարել եմ բացառապես մասնագիտական արժանապատիվ ու պատվախնդիր աշխատանք՝ ապաքաղաքական ու անկողմնակալ սկզբունքներով: Չնայած բարդ է եղել, բայց դժվարություններից չեմ ընկրկել

Եվ, իհարկե, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև վերջ իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս։

Այս ողջ ընթացքում սերտ համագործակցել ենք միջազգային կազմակերպությունների ու այլ երկրների իմ գործընկերների, Հայկական սփյուռքի հետ: Մշտական կապի մեջ ենք եղել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավապաշտպանների ու լրագրողների հետ:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի պետական մարմինների այն գործընկերներին, որոնք գիտակցեցին Մարդու իրավունքների պաշտպանի իրական կարգավիճակը, չդարձան քաղաքական կապանքների զոհը և ցուցադրեցին պետական մոտեցում:

Սիրելի՜ հայրենակիցներ,

Հատուկ երախտագիտություն եմ հայտնում ձեզ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որ վստահեցիք ինձ:

Ինքս երբեք որևէ հարցում ձեր նկատմամբ ազնվությունը չեմ թողել, միշտ եղել եմ շիտակ ու չեմ նայել, թե ինչ անձնական կամ այլ հետևանքներ կարող են լինել:

Միակ նվիրականը եղել է ամուր պետականությունը, իսկ հայրենասիրությունն ուղղակի պատվաբեր առաքելություն է:

Նորընտիր Մարդու իրավունքների պաշտպանին շնորհավորել եմ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առիթով, քննարկել ենք մի շարք հարցեր ու մաղթել եմ հաջողություններ աշխատանքում:

Այսուհետ ևս շարունակելու եմ ծառայել պետության ամրացման ու մարդու իրավունքների պաշտպանության գործին իմ առավելագույն հնարավորություններով, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանն աջակցելով:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (2016-2022թթ.)»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: