երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր դատարանն անկախ է, շատ անկախ է. Գրիգոր Մինասյանը 4 փաստարկ է ներկայացնում

Այսօր դատարանն անկախ է, շատ անկախ է. Գրիգոր Մինասյանը 4 փաստարկ է ներկայացնում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ԱԺ-ում կազմակերպված՝ 2024 թվականի Հայաստանի  Հանրապետության պետական բյուջեի քննարկման շրջանակում ներկայացրեց 4 փաստարկ այն մասին, որ ՀՀ-ում դատարաններն անկախ են՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե դատարանի կայացրած որոշումները հաճախ «անարդար են», և չկա մեխանիզմ, որի շնորհիվ դատավորը կարող է պատասխանատվության ենթարկվել:

Արդարադատության նախարարը որոշեց փաստերով ապացուցել, որ պատգամավորի կարծիքը սուբյեկտիվ է, և այդ մասով ներկայացրեց 4 փաստ:

«Առաջինը՝ ինչո՞ւ են շատ խափանման միջոցները, որովհետև նախկինում բազմաթիվ գործեր, որոնք երբևէ չէին բացահայտվում, չէին քննարկվում, այսօր մեր իրավապահ մարմինները սկսել են ավելի շատ բացահայտել, և ավելի շատ հանցագործություններ են ջրի երես դուրս գալիս: Դրա համար են ավելի շատ դատական որոշումները: Այսինքն՝ երբ քրեաիրավական մեր մեխանիզմները, ինստիտուտները սկսում են կայանալ, գործերի քանակն ավելանում է, բնականաբար, ավելանում են նաև խափանման միջոցները, լինի դա վարչական հսկողություն, տնային կալանք, կալանք թե գրավ:

Երկրորդը ապացույցը, որ դատարանն այսօր գործում է շատ անկախ, այն է, որ հենց մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն էլ են կալանավորվում: Այսինքն՝ այստեղ ես կամ առաջին, կամ երկրորդ արդարադատության նախարարն եմ, որ նման հակափաստարկ եմ ձեզ բերում: Կարող էի նստել այստեղ ու ասել՝ ինչո՞ւ դատարանը նաև այնքան չի վախենում գործադիրից, որ կալանավորում է մարդկանց, որոնք եղել և կան մեր քաղաքական թիմում:

Երրորդը՝ երևի թե ես առաջին նախարարն եմ այստեղ նստած, որին չեն մեղադրում, թե ինչո՛ւ է գործադիրը ներազդեցություն ունենում: Կարծում եմ, որ արդեն ակնհայտ է, որ գործադիրը, Կառավարությունը որևէ դատավորի չի զանգում, չի ստիպում այս կամ այն գործով որոշում կայացնել, և այստեղ մենք քննարկում ենք, թե ինչու է դատարանն այսպես որոշում կայացնում»,- ասաց նա և հավելեց, որ որպես գործադիր՝ իրավունք չունի մեկնաբանել դատավորի որոշումը, և որ կարծիքները կարող են տարբեր լինել այս կամ այն կալանավորման դեպքի վերաբերյալ, մինչդեռ դատարանն ինքն է որոշում, թե ինչ որոշում կայացնի:

Ըստ Գրիգոր Մինասյանի՝ չորրորդ, ամենակարևոր հակափաստարկը, թե ինչու է ՀՀ-ում դատարանն անկախ, այն է, որ գործադիր իշխանության, նաև արդարադատության նախարարության գործերը ևս պարտվում են դատարանում:

«Այսինքն՝ երբևէ չի եղել, որ գործադիրը գնա դատարան և մեծ գումարներ պարտվի, սա ևս մեկ ապացույց է, որ այսօր դատարանն անկախ է, շատ անկախ է: Թե դատարանը լա՞վ է գործում, վա՞տ է գործում՝ դա այլ հարց է»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ապօրինություն գործող դատավորներին, ապա, ըստ Գրիգոր Մինասյանի, կա կարգապահական վարույթի հարցում: Եթե որևէ կողմ կարծում է, որ կա օրենքի խախտում, ապա կա նաև հնարավորություն՝ միջնորդություն ներկայացնելու արդարադատության նախարարին կամ Էթիկայի հանձնաժողով, և հարուցված վարույթի արդյունքում իրականությունը կպարզվի:

  • Կիսվել: