ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս տարվա հունվար-ապրիլին ՄԻՊ-ին ուղղված դիմում-բողոքներն աճել են 75%-ով. Թաթոյան

Այս տարվա հունվար-ապրիլին ՄԻՊ-ին ուղղված դիմում-բողոքներն աճել են 75%-ով. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ազգային ժողովում ներկայացնում է 2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և խոշտանգումների կանխարգելման տարեկան զեկույցը:

Նրա խոսքով, 2019 թվականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար եղել է գերծանրաբեռնված աշխատանքի տարի: Ըստ նրա, միայն դիմումների ու բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվն աճել է գրեթե երեք անգամ:

Մասնավորապես, ըստ նրա, եթե 2016 թ. ստացվել է 5 113 դիմում-բողոք, ապա 2019 թ. այս ցուցանիշն եղել է 13 140: «Ընդ որում, 2020 թ. արդեն իսկ առավել ծանրաբեռնված է։ Հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը, այսինքն՝ այս տարվա առաջին չորս ամիսների միայն դիմումներն ու բողոքները 75%-ով գերազանցում են նախորդ ողջ տարվա ընթացքում ստացված դիմումների ու բողոքների թիվը»,- նշեց Արման Թաթոյանը:

Նա նաև ասաց, որ վիճակագրական այս տվյալները չեն ներառում այցերն ազատությունից զրկման վայրեր և այլ հատուկ հաստատություններ, մշտադիտարկման աշխատանքները, Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներն ու հատուկ կարծիքները, օրենսդրական ակտերի վերաբերյալ կարծիքները և այլն։

Արման Թաթոյանը նաև ներկայացրեց միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքները։ «Մեզ համար ոչ միայն կարևոր է միջազգային հեղինակությունն, այլ հանրային վստահությունն ու ընկալումները երկրի ներսում»,- ասաց նա՝ հավելելով, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute IRI) 2019 թ-ի հետազոտության տվյալներով, ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ վստահության ցուցանիշը 63% է, իսկ բացասական կարծիք ունի 12%-ը։  

  • Կիսվել: