երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Մարտուն Գրիգորյանի հայրը և կրտսեր որդին  ձերբակալված են

Մարտուն Գրիգորյանի հայրը և կրտսեր որդին ձերբակալված են

«Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրը և կրտսեր որդին  ձերբակալված են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրու դեպքերով խուզարկությունները կատարվել են Հակակոռուպցիոն Կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում և կան ձերբակալված անձինք:

Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողներին ասել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի որոշում կա՝ կապված Մարտուն Գրիգորյանի հոր և որդու ձերբակալության հետ․

«Ծանոթացանք որոշմանը։ Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանն այս պահին տանը չի գտնվում, տեղեկացրել ենք իրենք, որ ոստիկանությունը պետք է իրեն ձերբակալի։ Հայրը գալիս է այստեղ՝ ներկայանալու ոստիկանությանը։ Որդին՝ Կարեն Գրիգորյանն այս պահին այստեղ է»,- ասել էր փաստաբանն ու նշել, որ գործը վերաբերվում է  ենթադրյալ նախընտրական քարոզչության ընթացքում ինչ-որ խոստումներ տալուն, ընտրակաշառքներ բաժանելուն։

«Որոշումներից հստակ չէ, թե ինչ փաստական հանգամանքներին է վերաբերում, ընդհանուր ձևակերպումներ են, դրա շրջանակում երկու անձ մեղադրյալի կարգավիճակ ունեն, նրանց նկատմամաբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան կալանքի հարցը լուծելու համար»,-ասել էր Բաբայանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:

Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:

Հիշեցնենք, որ այսօր «Մայր Հայաստան» դաշինքը տեղեկացրել էր, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել  շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:

Ավելի ուշ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր. «Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում»:

  • Կիսվել: