ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս ամենը վկայում է հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտումների նպատակի և ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին. ՄԻՊ

Այս ամենը վկայում է հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտումների նպատակի և ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին. ՄԻՊ

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում են թիրախային հարձակումներ: Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հայտարարության մեջ:

՛՛Ակնհայտ է, որ առանց տարբերակման (indiscriminate) հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս, այդ թվում՝ սպանություններ ու ավերածություններ:

Այդ մասին վկայում են ոչ միայն ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային թիրախային հարձակումները, արդեն իսկ դրանց առաջացրած ծանր հետևանքները, այլ նաև արգելված զինատեսակների անընդհատ օգտագործումը քաղաքների ու գյուղերի նկատմամբ:

Նշվածին պետք է ավելացնել արդեն ապացույցներով հաստատված փաստի՝ վարձկանների օգտագործումը, ինչպես նաև էթնիկ հայերի նկատմամբ լայնածավալ ատելության խոսքն ու բռնության, այդ թվում՝ սպանության կոչերը, որոնք ունեն պետական աջակցություն:

Եվ արդեն ակնհայտ է, որ այս ամենը վկայում է էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին՛՛,-նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: