շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավետիք Չալաբյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատավորին

Ավետիք Չալաբյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատավորին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 9–ին, տեղի է ունենում «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը։

Պաշտպանական կողմը միջնորդել էր նիստը դռնբաց անցկացնել, ինչը բավարարվել էր դատարանի կողմից։ Ավետիք Չալաբյանի  պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։ Պաշտպանը հիմնավորելով միջնորդությունը,  հիշեցրեց, որ օրեր առաջ երբ հայտարարվել էր գործով նախաքննության ավարտ, իրենք միջնորդություն էին ներկայացրել քննիչին, որ շտապողականություն չցուցաբերի եւ հաշվի առնելով հուլիսի 1–ից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգիրքը, վերաորակի Ավետիք Չալաբյանի մեղադրանքը, քննիչը, սակայն, միջնորդությունը նույնիսկ չէր քննել։

Ապա պաշտպանը հիշեցրեց, որ դատախազը չէր հաստատել մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Իսկ քննիչը Ավետիք Չաաբյանի կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, սակայն, նախօրեին, դատական նիստը հետաձգվեց, որովհետեւ քննիչը Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքը չէր վերաորակել։ 

«Քննիչը հնարավորություն ուներ իրականացնել այն քննչական գործողությունները, որոնք միտված են արարքը վերաորակելուն, եւ ներկայացված միջնորդության հիմքում օրինական մեղադրանք ներառելու, սակայն, դա չէր արել։ Մեր կարծիքով՝ քննիչը դա  չէր արել, որովհետեւ հաշվի չէր արել, որ իր միջնորդությունը պետք է հիմնված լինի օրինական մեղադրանքի հիման վրա ու դատական նիստի մեկնարկին, դատարանն էր հուշում նրան, թե ինչու չի ապահովվել օրինական մեղադրանքը եւ դատարանը փորձում էր հուշել, որ անհրաժեշտ է խնդրել ժամանակ քննչական գործողություններ անելու համար»,– ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ այդ պատճառով դատարանի անաչառության մասով մտահոգություններ ունեն։

«Դուք հնարավորություն տվեցիք վարույթն իրականացնող մարմնին ապօրինի միջնորդությունը՝ իմ կալանքը երկարացնելու վերաբերյալ, փորձել սղագրել։ Այս պայմաններում ինքնաբացարկ հայտնելը իրավաչափ եւ ճիշտ լուծում կլինի»,– դիմելով դատարանին՝ ասաց Ավետիք Չալաբյանը։

Քննիչը պաշտպանական կողմի միջնորդության դեմ առարկեց։ Նա նշեց, թե երեկ նիստի հետաձգումը պայմանավորված էր տեխնիկական հարցերով պայմանավորված։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննելու իրեն հայտնած բացարկի միջնորդությունը։

  • Կիսվել: