հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց

Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ՛՛Համախմբում՛՛ շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը։

Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ չէր ներկայացել նիստին։

՛՛Հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, եւ ըստ նոր կարգավորումների՝ Ավետիք Չալաբյանի մեղադրանքը գոյություն չունի։ Վարույթն իրականացնող մարմինը, դրսեւորելով չհիմնավորված շտապողականություն, խախտելով քրեադատավարական բոլոր ընթացակարգերը, փոխարենը Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքը վերաորակեր եւ համապատասխանեցներ գործող Քրեական օրենսգրքին, միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացնելու համար։

Այս խայտառակ վիճակը չվրիպեց ո՛չ մեր, ո՛չ դատարանի աչքից, ինչի մասին բարձրաձայնվեց, վարույթն իրականացնող մարմինն ասաց, թե իր կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազին, դեռ 12 ժամ ունեն, որպեսզի վերաորակում արվի, ինչն ընդունելի հանգամանք չէր։ Վարույթն իրականացնող մարմինը նախ միջնորդեց դատական նիստը մեկ ժամով, ապա երկու ժամով հետաձգել, ինչի շուրջ մենք առարկեցինք։ Դատարանը, լսելով կողմերի կարծիքը, որոշեց նիստը հետաձգել՛՛,-ասաց նա։

Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 12։00-ին:

Անդրադառնալով դիտարկմանը, թե դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով՝ փաստաբանն ասաց, թե նախաքննության ավարտ հայտարարելով՝ վարույթն իրականացնող մարմինը շուտափույթ որոշում էր կայացրել։

Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը ցանկանում էր մինչեւ հուլիսի 1-ը, այսինքն՝ նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ՛՛լուծել այս գործի հարցերը՛՛։

՛՛Դատախազն այս իրավիճակում չէր կարող մեղադրական եզրակացությունը հաստատել եւ ուղարկել դատարան։ Նախաքննությունը շարունակելու հիմքերից մեկն այն էր, որ ընդամենը մեկ վկայի հարցաքննություն պետք է իրականացվի՛՛,-պարզաբանեց Հարությունյանը։

  • Կիսվել: