շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման հատկանիշներով. փաստաբան

Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման հատկանիշներով. փաստաբան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չարաշահման, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, եւ փողերի լվացման հատկանիշներով։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա նշեց. ՛՛Թե ո՞ւմ փողերն է լվացել, ինչո՞ւ է լվացել, ո՞վ է այդ փողերը կեղտոտ դարձրել... սա ոչ թե իրավական նոնսենս, այլ նախնադարյան ինչ–որ մակարդակ է, որտեղ իրավունք ուներ նա, ով քար ուներ։ Ես չեմ կարող մեկնաբանել այս գործը, այն աղերս չունի քրեաիրավական գիտության հետ։ Այս որոշման իսկական հեղինակները ճիշտ կանեն իրենց դիպլոմները վառեն եւ հողագործությամբ զբաղվեն, կարող է ավելի շատ օգուտ տան, չնայած կասկածում եմ։ Սա քաղաքական հետապնդում է՛՛:

Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում արգելել են լքել Հայաստանը, նշելով, որ նա մեղադրյալ է ինչ–որ գործով։

Արմեն Աշոտյանը պետք է մեկներ Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին։

  • Կիսվել: