չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առուշանյանի պաշտպանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին

Առուշանյանի պաշտպանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին

«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և համայնքապետի տեղակալների նկատմամբ հարուցված քրեական գործերը քաղաքական բնույթ են կրում, դրանում որևէ կասկած լինել չի կարող» ,- «Զանգեզուր TV»-ի եթերում հայտարարել է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Ալեքսանյանը հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արձագանքել է Գորիսում ՔՊ թեկնածուի քարոզարշավն ակտիվ իրականացնող, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, համաձայն որի, եթե անձին մեղսագրվող հանցանքը ընտրական հանցագործությունների հետ կապ չունի, ուրեմն հետապնդումն էլ քաղաքական չէ։ Պաշտպանը ներկայացրել է, թե որ դեպքում է հետապնդումը քաղաքական համարվում։

«Քաղաքական հետապնդումը նշանակում է, որ այս կամ այն քրեական գործի վերաբերյալ գործադիր իշխանությունը կարող է ունենալ ակնկալիքներ կամ շահագրգռվածություն։ Մենք գիտենք, որ պարոն Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումները որևէ աղերս չունեն իրավաբանության հետ, այդ գործերը շինծու են և ապօրինի, որևէ իրավական հիմք չեն պարունակում և միշտ գտնվում են գործադիր իշխանության տեսադաշտում, ուշադրության կենտրոնում, միշտ իրենց կողմից քննարկման առարկա են դառնում։ Դա է պատճառը, որ մենք բնորոշում ենք՝ քաղաքական հետապնդում»,- ասել է նա։

Փաստաբանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատրյանը Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումների շրջանակում առկա հոդվածների քանակը միտումնավոր շեշտում է՝ դրանով նպատակ ունենալով հանրության շրջանում Առուշանյանի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորել՝ ակնկալիքով, որ դա իր ազդեցությունը կունենա Գորիսում կայանալիք ընտրությունների արդյունքի վրա։

Խաչատրյանի մեկ այլ հայտարարությանը, թե Առուշ Առուշանյանը, իր տեղեկություններով, մարտական որևէ գործողության չի մասնակցել, պաշտպանն արձագանքել է․ «Այսինքն, Արմեն Խաչատրյանը չունի ստույգ տեղեկություններ։ Նրա «իմ տեղեկություններով» ձևակերպումը դա է հուշում։ Բոլորը գիտեն, թե Առուշ Առուշանյանը, բացի մարտական գործողություններին մասնակցելուց, ինչ այլ գործողություններ է կատարել պատերազմի ժամանակ՝ քաղաքացիներին օգնություն տրամադրելով»։

Էրիկ Ալեքսանյանն անդրադարձել է նաև իր կողմից ավելի վաղ արված հայտարարությանը ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի տված արձագանքին։ Խաչատրյանը, մասնավորապես, նշել է, որ իր մոտ ծիծաղ է առաջացնում Ալեքսանյանի այն հայտարարությունը, որ այն անձը, այն ուժեղ տեսակը, որը կռվել է թուրքի դեմ, չի կարող սասանվել մանիպուլյատիվ, էժան քայլերից։

«Փաստորեն, մենք կարող ենք արձանագրել, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչների համար ավելի ընդունելի է և ծիծաղ չի առաջացնում թուրքի դեմ գլուխը կախած անձը, թուրքի դեմ խեղճացած անձը։ Իրենց մոտ ծիծաղ է առաջացնում թուրքի դեմ կռված ուժեղ տեսակը։ Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է»,- նշել է Ալեքսանյանը։

  • Կիսվել: