ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առուշ Առուշանյանի պաշտպաններին կոչ ենք անում զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններից․ ՀՔԾ

Առուշ Առուշանյանի պաշտպաններին կոչ ենք անում զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններից․ ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանների հայտարարության վերաբերյալ։ Պարզաբանման մեջ ասվում է․

«Քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմը, հետևություններ չանելով նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հայտարարությունից և շարունակելով մանիպուլյատիվ վարքագիծը` հրապարակել է իր տեսակետը հավաստող «ապացույցներ, ինչին ի պատասխան` ստիպված ենք հրապարակել նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին 2021 թվականի հուլիսի 10-ին կայացված որոշումն ու 2021 թվականի հուլիսի 15-ին հիշյալ որոշումը մեղադրյալին և նրա պաշտպաններին ծանոթացնելու վերաբերյալ արձանագրությունը:

Ընդ որում, պաշտպանության կողմն արդեն երկրորդ անգամ անհասկանալի կերպով պնդում է, որ վերը նշված փաստաթղթերը չեն տրամադրվել իրենց և դատարանին: Առնվազն տարօրինակ է, թե ինչպես է հիշյալ փաստաթղթերի փաթեթը բացակայել հենց պաշտպանների մոտ այն դեպքում, երբ դրանց պատճենները վարույթի ընթացքում ներկայացվել են կողմերին և դատարանին: Սակայն անկախ այս հանգամանքից, ինչպես արդեն նշվեց, պաշտպանները դեռևս 2021 թվականի հուլիսի 15-ին ծանոթացել են քննչական խումբ կազմելու մասին որոշմանը, ինչի մասին փաստում է դրա վերաբերյալ կազմված արձանագրությունը` հավաստված վերջիններիս ստորագրություններով:

Այսպիսով` առավել քան ակնհայտ է, որ պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:  

Հաշվի առնելով վերոգրյալը` պաշտպաններին կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության ու մասնագիտական էթիկայի շրջանակներում և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելուց»:



  • Կիսվել: