շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթուր Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Արթուր Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Դատարանը չի բավարարել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված բողոքը ձերբակալման իրավաչափության դեմ, ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, միաժամանակ մերժեց նաև քննիչի միջնորդությունը, ընդորում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Կալանքի միջնորդության դասագրքային քննություն տեղի ունեցավ շատ մանրակրկիտ, մանրամասն և օբյեկտիվ՛՛:

Նշենք, որ Արթուր Գալեյանը ազատվեց դատարանի դահլիճից։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց․ ՛՛Շատ հույս ունենք, որ բոլորին այսպիսի արդարադատություն կմատուցենք։ Պայքարելու ենք հանուն մեր զոհված զինվորների՛՛:

Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

 

  • Կիսվել: