հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Դավթյանը՝ Ավետիք Բուդաղյանի սպանության գործի մասին

Արթուր Դավթյանը՝ Ավետիք Բուդաղյանի սպանության գործի մասին

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանության գործը:

«Հունիսի 2-ին լրանում է Սյունիքի նախկին մարզպետի տան բակում տեղի ունեցած սպանության յոթ տարին։ Այս գործում ինչ նոր զարգացումներ ունենք և ի՞նչ ակնկալենք»,-հարցրեց պատգամավորը։

Արթուր Դավթյանը նշեց, որ նախորդ քննարկման ժամանակ էլ առիթ են ունեցել այդ հարցերը քննարկման առարկա դարձնել։ Ըստ նրա, այդ ժամանակ էլ արդեն հայտնի էր դարձել ամբաստանյալներից մեկի բարձրացրած այն հարցը, որ դա հնարավոր կազմակերպված ցուցադրություն էր, այլ ոչ թե՝ իրական հանցագործություն:

«Առաջին իսկ պահից այդ ամենն ուշադրության կենտրոնում է եղել: Առաջինը, որ դատախազությունն իրականացրել է, օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն է տրվել՝ մատնանշելով ամբաստանյալի հենց այդ հայտարարությունը: Երկրորդ գործիքակազմն արդեն կոնկրետ գործով դատավարության ընթացքում մեղադրանքի պաշտպանության շրջանակներում գործառույթներն իրականացնել էր, այսինքն՝ հայտնած ցուցմունքի իրականությունը ստուգելուն ուղղված միջոցառումները: Այս պահի դրությամբ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ավարտված չեն: Մեր վերջնական դիրքորոշումը կտեսնեք դատարանի վարույթում գտնվող քրգործով ամբաստանյալների նկատմամբ համապատասխան մեղադրական ճառեր ներկայացնելիս»,- ասաց Արթուր Դավթյանը։

Տիգրան Կարապետյանն արձագանքեց՝ ակնկալում է, որ արդարությունը կհաղթի, ինչին ի պատասխան դատախազն ասաց. « Վստահ եղեք»։

  • Կիսվել: