ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արսեն Բաբայանը Հրաչյա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ  դիմում կհանձնի դատախազություն

Արսեն Բաբայանը Հրաչյա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ դիմում կհանձնի դատախազություն

Արսեն Բաբայանը ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարության հանգամանքների ստուգման նպատակով վաղը՝ մայիսի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն է հանձնելու դիմում՝ պահանջելով, որպեսզի պատգամավորի գրառման մեջ բարձրացված հարցերի շուրջ, որոնք պարունակում են հանցագործության առերեւույթ արարքների մասին դատողություններ, տրվի քրեաիրավական գնահատական։

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ինքը՝ Արսեն Բաբայանը: Նա հավելել է. ՛՛Դիմումով բարձրացված հարցերի, Հրաչյա Հակոբյանի անպատասխանատու քայլերի, նրա կողմից կատարած զրպարտչության եւ այլ հանգամանքների շուրջ կխոսեմ վաղը, գլխավոր դատախազության մուտքի դիմաց՛՛։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Թե էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով: Կարծում եմ ԱԳՆ-ն եւ վարչապետի խոսնակը սպառիչ պատասխան են տվել այդ հարցերին:

Բայց քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին: Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հովաքագրված լինելու փաստը: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաեւ հավաքագրման պայմանները:

Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի եւ ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլեւ նրա եւ Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, եւ հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց:

Շատերը կասեն, որ եթե օտարերկրյա գործակալի թեմա կա, դա պետք է լուծվի քրգործերի կոնտեքստում: Բայց համաշխարհային պրակտիկան էսպես է. օտարերկրյա գործակալներին բռնում եւ դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել: Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»,- մասնավորապես գրել է նա։

 

  • Կիսվել: