ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առողջապահության նախկին փոխնախարարին առնչվող տուբերկուլոզի գործով նախաքննությունն ավարտվել է

Առողջապահության նախկին փոխնախարարին առնչվող տուբերկուլոզի գործով նախաքննությունն ավարտվել է

2011-2016 թվականներին առողջապահության նախկին փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Վահան Պողոսյանին առնչվող տուբերկուլոզի գործով նախաքննությունը ավարտվել է, այն ուղարկվել դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այս գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի, նախաքննությունը, սակայն, ավարտվել է միայն 6-ի մասով: Նրանց թվում են նախկին փոխնախարարը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենն ու փոխտնօրենը:

Ըստ մեղադրանքի՝ առողջապահության նախկին փոխնախարարը, հանդիսանալով Հայաստանում տուբերկուլոզի դեմ ազգային ծրագրի համակարգող, կազմակերպել և ղեկավարել է տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված ավելի քան 78 մլն դրամի յուրացումը, որի մեծ մասը բաժին է հասել նախկին փոխնախարարին, մնացած 20 միլիոնը՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի կենտրոնի տնօրենին:


Ծրագրի իրականացման շրջանակում փոխնախարարը իր աշխատասենյակ է հրավիրել Տուբերկուլոզի դեմ պայքարի կենտրոնի տնօրեն Հայրապետյանին, առաջարկել է ներկայացնել, թե ինչ չափաբաժնով կարելի է ծրագրից իրականացնել հափշտակություն: Հայրապետյանը դժգոհել է, բայց Պողոսյանը պնդել է՝ եթե տեղեկություն չտրամադրվի, ապա Հայրապետյանին այլ անձ կփոխարինի:

Ըստ Քննչական կոմիտեի՝ այսքանով նշված անձանց հանցավոր գործունեությունը չի ավարտվել: Փոխնախարարի ցուցումով՝ «Տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության» ծրագրից հափշտակություն կատարելու համար, որպես մարզային խորհրդատու ձևական գրանցվել է երկու աշխատակից, որոնցից մեկի աշխատավարձը ստացել է փոխնախարարը, մյուսինը՝ ՊՈԱԿ-ի տնօրենը:

Բացի այդ, ըստ նախաքննության՝ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը Տուբերկուլոզի դեմ պայքարի կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանից պահանջել է, իբրև կենտրոնի կարիքների համար, գնել 17 մլն դրամ արժեքով ավտոմեքենա, բայց այն անձնական օգտագործման համար տրամադրվել է իրեն: Պողոսյանը կենտրոնի միջոցների հաշվին կատարել է նաև մեքենայի ընթացիկ ծախսերը, և յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100 լ բենզինի կտրոն:
Պետությանը ընդհանուր առմամբ հասցվել է 250 մլն դրամի վնաս:

  • Կիսվել: