շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արդարադատության նախարարությունում այժմ ընթանում է պրոֆեսիոնալ կադրեր ունենալու գործընթաց․ նախարար

Արդարադատության նախարարությունում այժմ ընթանում է պրոֆեսիոնալ կադրեր ունենալու գործընթաց․ նախարար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՀՀ կառավարությունն, ի դեմս արդարադատության նախարարության, ոլորտի քաղաքականությունը մշակում է այն ուղղությամբ, որ բոլոր գործերի դեպքում լինեն որոշակի ստանդարտներ, որոնք կպահպանվեն և՛ իրավապահ մարմինների, և՛ դատարանների կողմից։

Նախարարն ընդգծեց, որ իրենք գնում են այն ուղղությամբ, որ վերջնարդյունքում արդարադատությունը սպասարկի միայն արդարության շահը, և սպասարկումն իրականացվի որոշակի կոնկրետ ստանդարտների հիման վրա։ 

Անդրադառնալով արդարադատության նախարարությունում իրականացվող կադրային քաղաքականությանը՝ Գալյանը նշեց, որ այդ հարցում ունի մեկ հստակ դիրքորոշում, որի համաձայն՝ արդարադատության նախարարությունը մասնագիտական գերատեսչություն է, ուստի որևէ նախարար չի կարող իրեն թույլ տալ շռայլություն՝ նախարարությունում չունենալ մասնագետ կադրեր։ 

«Եթե մասնագիտական ներուժը պակաս լինի, ապա նախարարությունը կտապալվի իր ամենօրյա գործունեության մեջ։ Ես` որպես նախարար, մշտապես ձգտել և ձգտելու եմ ունենալ պրոֆեսիոնալ կադրեր, և հիմա նախարարությունում ընթանում է հենց այդ գործընթացը»,- նշեց Գալյանը։   

 

  • Կիսվել: