հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արդարադատության նախարարության ծախսերը 2019 թ. համեմատ նվազել են. Բադասյան

Արդարադատության նախարարության ծախսերը 2019 թ. համեմատ նվազել են. Բադասյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նիստին ներկայացրել է 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտի քաղաքականության իրականացման նպատակով 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել է 17,6 մլրդ դրամ: Տարվա ընթացքում Կառավարության կողմից ավելացվել է 933,4 մլն դրամ:  Արդյունքում ճշտված բյուջեն կազմել է 18,6 մլրդ դրամ, կատարողականը՝ 18,1 մլրդ դրամ կամ 96,7 տոկոս: Նախարարության կողմից իրականացվել է պետական բյուջեի 8 ծրագիր: Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման ծրագրերի համակարգման խորհրդատվության և մոնիթորինգի իրականացման ծրագրերի գծով տարեկան ճշտված բյուջեն կազմել է շուրջ 1 մլրդ 678 մլն դրամ, կատարողականը կազմել է 94 տոկոս: Ծրագրի շրջանակում իրականացվել է 7 միջոցառում, ծրագրի գծով նախատեսված միջոցների գերակշիռ մասը՝ 1 մլրդ 557 մլն դրամը, բաժին է ընկել «Արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի գնահատման և աջակցության իրականացում» միջոցառմանը, որի գծով կատարողականը կազմել է 94,1 տոկոս: Տնտեսումը պայմանավորված է հաստիքների կրճատմամբ և նախատեսվածից ցածր գնով ծառայությունների և ապրանքների ձեռքբերմամբ: 2019 թ. համեմատ ծախսերը նվազել են 3.5 տոկոսով կամ մոտ 53 մլն դրամով»,- տեղեկացրել է Բադասյանը:

Նրա խոսքով՝ ծախսերի նվազումը պայմանավորված էր ռազմական դրության հետևանքով գրասենյակային գույքի և վարչական սարքավորումների ձեռքբերման ծավալների կրճատմամբ:

  • Կիսվել: