երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում հանցագործությունների և իրավախախտումների դեպքերը համեմատաբար նվազել են

Արցախում հանցագործությունների և իրավախախտումների դեպքերը համեմատաբար նվազել են

Ըստ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում ստացված հաղորդումների վերլուծության, 2022 թվականի հոկտեմբերի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում՝ նախորդ շաբաթվա համեմատ, նվազել է հանցագործությունների և իրավախախտումների դեպքերը:

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:

Տեղեկատվության համաձայն՝ ստացված 53 հաղորդումներից 34-ը՝ հանցագործությունների վերաբերյալ է: Դրանցից 33-ն արդեն բացահայտվել է:

Գրանցվել է անձնական ունեցվածքի գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման մեկական դեպքեր, ևս 2-ը՝ վիճաբանությունների ու դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ հաղորդումներ են: Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել և բացահայտվել է խարդախություն բնութագրմամբ 3 հաղորդում: Արձանագրվել է ապօրինի ծառահատման 4 դեպք:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 6 դեպք:

Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 4 քաղաքացի:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, նախորդ շաբաթվա համեմատ աճել է ճանապարհատրանսպորտային պատահարները:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, որից 16-ը՝ նյութական վնասով, 7-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 13 քաղաքացի:

Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 32 դեպք, 9 վարորդ եղել է անսթափ վիճակում, 194-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության տարածքում ապահովում են կայուն հասարակական կարգ ու կանոն:

  • Կիսվել: