կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատի բաժնի ոստիկանները ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակ և մի քանի հարյուր փամփուշտ են հայտնաբերել (Տեսանյութ)

Արարատի բաժնի ոստիկանները ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակ և մի քանի հարյուր փամփուշտ են հայտնաբերել (Տեսանյութ)

Հունվարի 5-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։

Բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արալեզ գյուղի 62-ամյա մի բնակիչ իր մոտ, նաև` մեքենայում, ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում, կասկածվողը Տափերական գյուղից, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով:

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ տարիներ առաջ ատրճանակը ձեռք էր բերել արտերկրում ու հետը բերել Հայաստան:

Ավելի ուշ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդն իր տան հյուրասենյակի բազմոցի միջից ներկայացրեց 9 մմ տ/չ 328 փամփուշտ:

Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: