չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առաջարկվում է արգելել հղի կանանց հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելը՝ նախքան երեխայի 1 տարին լրանալը

Առաջարկվում է արգելել հղի կանանց հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելը՝ նախքան երեխայի 1 տարին լրանալը

Առաջարկվում է արգելել հղի կանանց հետ աշխատանքային պայմանագրի լուծարումը հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո երեխայի մեկ տարին լրանալը:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Արմեն Փամբուխչյանը, Լուսինե Բադալյանը:

Գործող օրենքով արգելվում է հղի կանանց հետ լուծել աշխատանքային պայմանագիրը հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

Պատգամավորների նախաձեռնությամբ առաջարկվում է նաև աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով՝ հայրության արձակուրդ: Ըստ այդ հոդվածի՝ երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին:

«Ստացվում է որ կանանց՝ հղիության և ծննդաբերության արձակուրդից աշխատանքի վերադառնալու դեպքում, անկախ երեխայի տարիքից, աշխատանքի պահպանման երաշխիքային ժամկետը ընդամենը մեկ ամիս է, ինչը բավարար ժամկետ չի կարելի համարել: Հետեևաբար նախագծի փոփոխությունը ապահովում է կանանց երաշխիքային ժամկետի երկարաձգում մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը»,-ասված է նախագծում:

Նշվում է նաև, որ գործող կարգավորումը խոցելի է դարձնում վերը նշված խմբերի աշխատանքային երաշխիքները և չարաշահումների համար սողանցք թողնում անբարեխիղճ գործատուներին:

«Նմանօրինակ խնդրի արձանագրում կա նաև «Գայանե Հայրոյանի դիմումի հիման վրա՝  Աշխատանքային Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝  Սահմանադրության 16-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 79-րդ հոդվածի համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վերաբերյալ  ՄԻՊ-ի դիրքորոշման մեջ: Ուստի, առաջարկվող օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա բացառել նմանօրինակ դեպքերը»,-ասված է նախագծում:

  • Կիսվել: