Առաջարկվող նախաձեռնությամբ՝ 2025 թ-ի նոյեմբերի 1-ից ոստիկանության կազմում կգործի նոր կառուցվածքային միավոր՝ ի դեմս գվարդիայի․ ՆԳ փոխնախարար
Ոստիկանության գվարդիայի համար օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թ-ի նոյեմբերի 1-ը, ի վերջ փաթեթով հստակեցվում է, որ 2025-ի նոյեմբերի 1-ից ոստիկանության կազմում կգործի նոր կառուցվածքային միավոր՝ ի դեմս գվարդիայի։ Այս մասին այսօր ԱԺ-ում ներկայացնելով ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը՝ ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նա նաև ընդգծեց․«Օրենքի շրջանակներում առաջին անգամ ՀՀ-ում կարգավորվելու են ուժային միջոցների կիրառման ստանդարտի ներմուծման հետ կապված հարցերը, մինչև այս պահը մենք ստանդարտի որևէ մոտեցում, ըստ էության, չենք ունեցել, հակառակը՝ կցկտուր կարգավորումները բերել են տարբեր խնդիրների։ Ուժային միջոց ասելով նկատի ունենք թե ֆիզիկական ուժի գործադրումը, թե զենքի գործադրումը, թե մնացյալ բոլոր պրոցեսները, որոնք ուժային միջոցի գործադրման ընդհանուր ստանդարտի ներքո կարող են տեղավորվել»։
Սարգսյանի խոսքով՝ 2025-ի նոյեմբերի 1-ից ուժը կորցրած կճանաչվի «Ոստիկանության զորքերի մասին» դեռևս 1997 թ-ին ընդունված օրենքը։
Նաև նաև շեշտեց, որ ներկայացվող նախաձեռնությունը չի ենթադրում ոստիկանության գվարդիայի մեկուսացում պաշտպանական ընդհանուր գործառույթից։