հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով վերաբացված երկրորդ դատական նիստը ևս հետաձգվեց

«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով վերաբացված երկրորդ դատական նիստը ևս հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր անցկացվեց  «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով վերաբացված  երկրորդ դատական նիստը։

Մեղադրյալի աթոռին այսօր կրկին Աղամալ Հարությունյանն էր՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետը,  ով 19 տարի առաջ դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։ 

Այսօրվա դատական նիստը կրկին հետաձգվեց Աղամալ Հարությունյանի պաշտպանի միջնորդության հիման վրա։ 

Պաշտպան Ռոբերտ Բեջանյանը հայտնեց՝ դատական նիստը սկսելուց առաջ նախագահող դատավորին նյութեր չտրամադրելու հիմքով ինքնաբացարկի միջնորդություն է մուտքագրել։

Դեռ նախորդ նիստին պաշտպանը հայտնել էր, որ պատրաստվում են դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել, դրա համար իրենց անհրաժեշտ են լինելու որոշակի փաստաթղթեր, ուստի միջնորդել էր հետաձգել դատական նիստը փաստաթղթերը ստանալու և ուսումնասիրելու համար։

Այսօրվա նիստում ևս պաշտպանական կողմը խնդրեց հետաձգել, վերոնշված փաստաթղթերը ստանալու եւ դրանք ուսումնասիրելու համար։

Նիստին որպես վկա հրավիրված էր նաև երգչուհի Նունե Եսայանը, ով, սակայն, պնդեց, որ ինքը դեռ այն ժամանակ ասել է, որ գործով վկա չէ, դեպքը տեղի է ունեցել իր դուրս գալուց հետո։

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց գլխավոր դատախազության բողոքը և բեկանեց 19 տարի առաջ Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկեց նոր քննության։ 

Դատարանի այդ որոշումից հետո Պողոս Պողոսյանին սպանելու համար մեղավոր ճանաչված ու պայմանական ազատազրկման դատապարտված Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը ստորագրություն էր տվել չհեռանալու մասին։

Հիշեցնենք նաև, որ Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացման համար նոր երևան եկած հանգամանք էր դիտվել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ցուցմունքը, ով հեղափոխությունից հետո վերադարձել էր Հայաստան, դիմել էր Գլխավոր դատախազություն ու մանրամասներ ներկայացրել սպանությունից։ 

Սպանության օրը Սթիվեն Նյուտոնը եղել էր «Առագաստ» սրճարանում և ականատես եղել տեղի ունեցածին։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով Նյուտոնի հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։

Աղբյուր՝ a1plus

  • Կիսվել: