շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արագաչափերն ու տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի Դրիմը»՝ ընդդեմ Կառավարության

Արագաչափերն ու տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի Դրիմը»՝ ընդդեմ Կառավարության

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել է վարչական դատարան՝ վիճարկելու կառավարության որոշումը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին: 

Նշենք, որ Կառավարության թիվ 1091-Ն որոշմամբ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ է ստեղծվել՝ դադարեցնելով «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ լիազորությունները։ Գործունեության նպատակը Հայաստանի ամբողջ տարածքում տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերումն է:

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ–ն Վարչական դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Կառավարության14.07.2022թ. թիվ 1091-Ա որոշումը․«Ընկերույթունը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կառավարության՝ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1091-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին»։

Դատարանը մերժել է հայցը՝ հիմնավորմամբ, որ  հայցը ենթակա չէ դատարանում քննության, ուստի հայցադիմումի ընդունումը պետք է մերժել Վարչական դատավարության օրենսգրքի (ՎԴ օրենսգիրք) 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

ՎԴ օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասը իրավունք է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց վիճարկել կիրառված կամ կիրառման ենթակա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այն ակտերը, որոնցով խախտվել են կամ կարող են խախտվել Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված դիմողների իրավունքները: Ըստ այդմ՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք չեն կարող վիճարկել այնպիսի ակտեր, որոնք չեն առնչվում իրենց իրավունքներին, ըստ այդմ՝ դրանցով չեն կարող խախտվել իրենց իրավունքները:

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն վարչական դատարանի՝ դիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարան: Այն դեռ որոշում չի կայացրել:

  • Կիսվել: