երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հարազատներից ոչ մեկի բնակարանի խուզարկությամբ «կաշառք» գումարներ չեն հայտնաբերվել. փաստաբան

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հարազատներից ոչ մեկի բնակարանի խուզարկությամբ «կաշառք» գումարներ չեն հայտնաբերվել. փաստաբան

Փաստաբան Արթուր Պիվազյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մամուլում տարածված լուրերին այն մասին, թե Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում, աշխատասենյակում վարույթն իրականացնող մարմինը խուզարկություններ է իրականացրել:

Այս առնչությամբ փաստաբանը, մասնավորապես, նշել է. «Այսօր տարբեր լրատվական կայքերից տեղեկացա, որ լուրեր են շրջանառվում, թե վարույթն իրականացնող մարմինը խուզարկություններ է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում, աշխատասենյակում, որոնց արդյունքում առգրավվել են մի քանի համակարգիչ և 9900 ԱՄՆ դոլլար գումար։

Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ, վարույթն իրականացնող մարմինն Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում խուզարկություններ իրականացրել է, ոչ թե հիմա, այլ սույն թվականի հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև Արամ Ազատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն դատարան ներկայացնելը։ Հուլիսի 3-ից սկսված մինչ այս պահը Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում ոչ մի խուզարկություն չի իրականացվել։ Այսինքն, այս տեղեկությունը հայտնի է եղել նույնիսկ մինչև Արամ Ազատյանին ձերբակալելը, հետևաբար այն այս պահին տարածելու շարժառիթն անհասկանալի է։

Երկրորդ, Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում իրականացված խուզարկությունների արդունքում թե ինչ է առգրավվել, չեմ կարող ասել, քանի որ նշված քննչական գործողություններին չեմ մասնակցել և այդ մասով որևէ տեղեկություն չունեմ։ Նշված քննչական գործողությունների արձանագրությունները և դատարանների համապատասխան որոշումները տրամադրելու միջնորդություն եմ ներկայացրել վարույթն իրակամոնացնղ մարմնին։

Երրորդ, Արամ Ազատյանի աներոջ տան խուզարկությամբ, եթե իրականում հայտնաբերվել է 9․900 ԱՄՆ դոլլար, ապա պետք է նշեմ, որ Արամ Ազատյանի կնոջ հայրը գործարար է, ով բիզնես գործունեությամբ զբաղվում է դեռևս 90-ականների սկզբերից։

Չորրորդ, ArmLur.am կայքում Արամ Ազատյանի մասին տպագրված հոդվածը ուղեկցվում է նաև մի տեսանյութով, որտեղ Արամ Ազատյանի աներոջ տան խուզարկությամբ 9․900 ԱՄՆ դոլլար առգրավվելու լուրը պատկերվում է 20․000 ՀՀ դրամանոցնեով մի նկար, որոնց վրա գրված է «կաշառք» և որը ոչ մի կապ չունի Արամ Ազատյանի քրեական վարույթի հետ։

Հարգելի ԶԼՄ ոլորտի գործընկերներ, իրականությանը չհամապատասխանող և ոչ ճիշտ տեղեկություններ, իրականության հետ որևէ կապ չունեցող նկարներ և տեսանյութեր խնդրում եմ մի տարածեք։ Միանշանակ Արամ Ազատյանի հարազատներից ոչ մեկի բնակարանի խուզարկությամբ «կաշառք» գումարներ չեն հայտնաբերվել»։

  • Կիսվել: