երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ապօրինի գործող ատամնատեխնիկական լաբորատորիաներ Արմավիրում. քրեական ոստիկանների չորս բացահայտում

Ապօրինի գործող ատամնատեխնիկական լաբորատորիաներ Արմավիրում. քրեական ոստիկանների չորս բացահայտում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի տարբեր համայնքներում մատուցվում են ատամնատեխնիկական ծառայություններ՝ առանց համապատասխան թույլտվության և առանց կրթությունը հավաստող փաստաթղթի:

Առաջին երկու տեղեկությունն Արմավիրի քրեական ոստիկանները ստուգեցին փետրվարի 13-ին: Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 30-ամյա բնակիչը տանը կից շինությունը կահավորել էր որպես ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ բժիշկներից ընդունում էր մետաղակերամիկական շապիկներ պատրաստելու պատվերներ:

Նույն օրը քրեական ոստիկանները եղան նաև Արմավիրի քաղաքի Լերմոնտովի փողոցում: Պատկերը նույնն էր՝ կից շինությունը 40-ամյա տանտերը կահավորել էր հատուկ սարքավորումներով:

Հաջորդ երկու տեղեկությունը ստուգելու համար փետրվարի 17-ին քրեական ոստիկանները նախ մեկնեցին Հայկավան գյուղ: Այստեղի 46-ամյա բնակիչը, դարձյալ` առանց պետական հաշվառման կամ գրանցման, տանը կից շինությունը կահավորել էր որպես ատամնատեխնիկական լաբորատորիա:

Հաջորդ ստուգայցը նույն օրն էր՝ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում: Այստեղ էլ 28-ամյա տղամարդը, առանց որևէ թույլտվության ու գրանցման, ծավալել էր ատամնատեխնիկական գործունեություն:

Չորս դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, չորս դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով:

  • Կիսվել: