հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՕԿՍ-ի նկուղից Գրիշա Թամրազյանի ընկերությունը բաժնեմաս ունի. փոխնախարարը` հարուցված քրգործի և հնարավոր պաշտոնանկության մասին

ԱՕԿՍ-ի նկուղից Գրիշա Թամրազյանի ընկերությունը բաժնեմաս ունի. փոխնախարարը` հարուցված քրգործի և հնարավոր պաշտոնանկության մասին

ArmDaily.am-ին տեղեկություններ են հասել, որ ԿԳՄՍՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանի գլխին սև ամպեր են կուտակված, ավելին՝ չի բացառվում, որ առաջիկայում նա խնդիրներ կունենա իրավապահների հետ և հնարավոր է, որ դա ավարտվի ոչ միայն պաշտոնանկությամբ, այլ նաև ձերբակալմամբ: Պատմությունը կապված է ԱՕԿՍ-ի շենքի հետ: 

Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ 2012 թվականի հունիսի 27-ին ընկերության 100 տոկոս բաժնեմասը 550 հազար դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերություններից մեկին, որի տնօրենը հանդիսացել է Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի որդու կինը։ Այնուհետև ձևական գործարքների միջոցով նշված 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսն անցել է հասարակական կազմակերպության նախագահին, 25 տոկոսը՝ հիշյալ ընկերության տնօրենի մորը, իսկ մյուս 25 տոկոսը մնացել է օֆշորային ընկերությանը։

Խոսքը Երևանի Աբովյան փողոցում տեղակայված Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական կազմակերպության՝ նախկին ԱՕԿՍ-ի շենքի մասին է, որ համարվում է պատմամշակութային հուշարձան:

Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հետաքննություն էր հրապարակել, որտեղ նշվում է, որ ԱՕԿՍ-ի շենքի նկուղային հարկի 270 քառակուսի մետր մակերեսով տարածքը 2011-ից պատկանել է (մշակույթի նախկին նախարար) Հասմիկ Պողոսյանի որդուն՝ Վաղարշակ Հակոբյանին, որը 2017-ին իր ունեցած բաժնեմասերի 50 տոկոսը օտարել է փոխնախարար Գրիշա Թամրազյանին։ 

Թամրազյանը Հանրայինի հետ զրույցում ասում է՝ բաժնեմասեր ձեռք է բերել ընկերների հետ համատեղ, ու մտադիր են տարածքը հանձնել վարձակալության։ Գրիշա Թամրազյանը Արմեն Սմբատյանի ընտանիքի մտերիմներից է։ Նա հայտարարել է՝ «շատ ջերմ հարաբերություններ ունի Սերգեյ Սմբատյանի (Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար-խմբ.), ինչպես նաև ընտանիքի հետ»։

ArmDaily.am-ի հետ զրույցում Գրիշա Թամրազյանն ասաց, որ ԱՕԿՍ-ի այս գործը, որի մասով ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որևէ առնչություն չունի իր հետ:

Հարցին՝ Ձեր մասով ոստիկանությունում որևէ գործողություն իրականացվե՞լ է՝ փոխնախարարը ասաց. «Ես «Թիֆլիս» ՍՊԸ-ում ունեմ բաժնեմաս, որը գտնվում է նույն հասցեում, բայց երբևիցե չի հանդիսացել պատմամշակութային հուշարձան: Բացի դրանից ԱՕԿՍ-ի գործի հետ որևէ առնչություն չունեմ, ես երեկ մամուլից եմ տեղեկացել այդ գործի մասին: Դրանք տարբեր բաներ են»:

Դիտարկմանը՝ Ձեր ՍՊԸ-ին պատկանում է շենքի նկուղային հարկը՝ Թամրազյանը արձագանքեց. «Նկուղային հարկում «Թիֆլիս» ՍՊԸ-ում ունեմ 50 տոկոս բաժնեմաս, որի հետ կապված որևէ քրեական գործ չկա հարուցված և որևէ խնդիր չունենք օրենքի հետ: Թե շենքի սեփականաշնորման, թե հարուցված քրեական գործի հետ ես ոչ մի առնչություն չունեմ»:

Հարցին՝ թեմայի շուրջ զրուցել եք ԿԳՄՍ նախարարի հետ, կամ մտավախություն չունե՞ք որ այս գործը կարող է ազդեցություն ունենալ պաշտոնի վրա կամ հանգեցնել պաշտոնանկության՝ Թամրազյանը պատասխանեց. «Ոչ մի խնդիր չունեմ ես, պաշտոնը ստանձնելուց ես հայտարարագրել եմ իմ բաժնեմասը, իսկ մինչև պաշտոն ստանձնելը ես «Իմ քայլը» դաշինքով առաջադրվել էին պատգամավորի թեկնածու և այն ժամանակ ևս իմ բաժնեմասը հայտարարագրել էի, ոչ մի խնդիր չկա և այս գործը որևէ կերպ կապ չունի իմ հետ կամ իմ ընկերության բաժնեմասի հետ: ԱՕԿՍ-ը և «Թիֆլիս»-ը տարբեր ընկերություններ են և նկուղը երբևէ ԱՕԿՍ-ի տարածք չի հանդիսացել»:

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞վ է զբաղվում Թիֆլիս ընկերությունը՝ փոխնախարարը ասաց. «Թիֆլիս ընկերության այս բաժնեմասը ձեռք եմ բերել նակինում վարձակալության հիմունքներով հանձնելու համար: Այս պահին բանակցություններ են ընթանում տարածքը վարձակալությամբ հանձնելու համար»:

Նշենք, որ ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 201 միլիոն դրամի վնաս։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

  • Կիսվել: