Անհետ կորածների հարազատները պահանջում են միջազգային ատյաններից հետ չկանչել դատական հայցերը. բողոքի ակցիա
Անհետ կորածների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության մոտ՝ պահանջելով միջազգային ատյաններից հետ չկանչել դատական հայցերը։
«Մենք կառավարությանը չենք տվել լիազորություն՝ թշնամիներին հաճոյանալու համար նման որոշումներ կայացնելու. մեզ նորից ձեռնունայն են թողնելու։ Դեռ 2020 թվականից Բաքվում մնացած գերիներ ունենք, նոր գերիներ էլ ունենք։ Միջպետական հայցերից հրաժարվում են, մեզ ի՞նչ երաշխիք են տալու, մեր իրավունքներն ինչպե՞ս են պաշտպանելու. մենք չունենք այս հարցերի պատասխանները»,–բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց անհետ կորածի հարազատ Տաթևիկ Սոհոյանը։
44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորներից մեկի մայրն էլ կառավարությանը հարց ուղղեց, թե հայտերը հետ վերցնելու դեպքում ինչպե՞ս են պահանջելու ազատ արձակել գերիներին։
«Մեր 18 տարեկան ողջ ու առողջ տղաներին տարել են, թո՛ղ նույն ձև էլ վերադարձնեն։ Պահանջում ենք, որ չոտնահարեն մեր և մեր զավակների իրավունքները, թեպետ արդեն 4.5 տարի է ոտնահարում են։ Էլ թույլ չենք տա, թո՛ղ հաշվի նստեն մեզ հետ։ Ի՞նչ իրավունքով են մեր երեխաների հայտերը հետ վերցնում, ո՞ր ծնողին են հարցնել, ինչու՞ են ինքնուրույն որոշուներ կայացնում։ Պետությունն այսքան ժամանակ ի՞նչ էր տվել իմ երեխուն, որ տարավ, պարտավոր են վերադարձնել նրանց»,–ասաց նա։
Անհետ կորած զինվորի մայրը նշեց, որ կառավարությունից այլ ոչինչ չի ուզում, միայն իր՝ արդեն 4.5 տարի անհետ կորած որդուն։ Խոսելով այն մասին, որ շատ դեպքերում ԴՆԹ անալիզները համապատասխանում են, սակայն ծնողները հրաժարվում են ընդունեկ, որ դրանք իրենց որդիների մասունքներն և չեն վերցնում, բողոքի ակցիայի մասնակիցն ասաց.
«Ես ոչ մի ԴՆԹ համընկնում չունեմ։ Չի կարող այնպես լինել, որ ծնողը վստահ լինի, որ դա իր երեխայի մարմինն է ու թողնի դիահերձարանում։ Թող այդ մարդկանց ապացուցեն, որ իրենց երեխաների մարմիններն են, նրանք էլ տանեն խիղճները հանգիստ հուղարկավորեն։ Բա՞ որ տանեն հուղարկավորեն, ու հետո պարզվի իրենց երեխան չէր։ Դա արդա՞ր է։ Իսկ մենք սպասում ենք մեր երեխաներին»։
Նշենք, որ երեկ ԱԳՆ–ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները, և որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։