երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Անելիք կա միջազգային իրավական գործիքակազմի իրացման առումով․ Վարդևանյանը՝ գերիների մասին

Անելիք կա միջազգային իրավական գործիքակազմի իրացման առումով․ Վարդևանյանը՝ գերիների մասին

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի առումով մեծ անելիք կա հանրային, միջազգային իրավական գործիքակազմի իրացման տեսանկյունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավաբան, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը` նշելով, որ խոսքը նաև դիվանագիտական բաղադրիչի մասին է։
 
«Չեմ կարծում, որ միջազգային հանրության համար կարող է որևէ կերպ ընդունելի լինել այն հակամարդասիրական, հակամարդկային, դաժան, մի շարք կոնվենցիաների հակասող վարքագիծը, որը կա Ադրբեջանում, այդ թվում` Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Բաքվի վարքագիծը ակնհայտ ցույց է տալիս՝ այնտեղ չկա ժողովրդավարություն, մարդու իրավունքների, ինչպես նաև համամարդկային մարդասիրական արժեքների նկատմամբ հարգանք։ Դրան պետք է լինի պատշաճ արձագանք։ Պետք է դիմել միջազգային ատյաններին նույնիսկ դրանց դանդաղկոտության պայմաններում և հետևողական լինել այդ ուղղությամբ»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ միջազգային արտաքին դիվանագիտական և քաղաքական գործիքները պետք է ավելի մեծ թափով օգտագործվեն։ Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ դա որոշակի առումով կարող է կարևոր և բեկումնային լինել։
 
Հարցին, թե ինչ գործողություններ են պատրաստվում իրականացնել գերիների վերադարձի հետ կապված, Վարդևանյանը վստահեցրեց՝ առաջիկայում հանրությունը կտեսնի իրենց քայլերն այդ ուղղությամբ։
 
«Մի շարք գործողություններ կան, որոնք պետք է իրացնենք։ Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմն այս ուղղությամբ մաքսիմալ իրացվելու է»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից իրականացվող գործողություններին, ապա դրանք, նրա խոսքով, պետք է դիտարկել արդյունքների տեսանկյունից։ Ըստ Վարդևանյանի՝ այն հանգամանքը, որ մինչ օրս Բաքվում ապօրինի պահվող գրեթե 20 գերի կա, արդեն իսկ նշանակում է, որ արված աշխատանքը բավարար չէ։ Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ բավարար կլիներ այն դեպքում, երբ Բաքվի բանտերում հայ գերիների նկատմամբ մարդասիրական կոլապսը դադարեցվեր, ու նրանք ազատ արձակվեին։

  • Կիսվել: