երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Անդրանիկ Փիլոյանը համաձայնել է մի դեպքում կաշառքը Baxi կաթսայի, մյուս դեպքում՝ ոսկու ձուլակտորի տեսքով ստանալ․ դատարանում հրապարակվեց մեղադրական եզրակացությունը

Անդրանիկ Փիլոյանը համաձայնել է մի դեպքում կաշառքը Baxi կաթսայի, մյուս դեպքում՝ ոսկու ձուլակտորի տեսքով ստանալ․ դատարանում հրապարակվեց մեղադրական եզրակացությունը

Հակակոռոպցիոն քրեական դատարանում այսօր՝ մարտի 17-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Տիգրան Դավթյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը սկսվեց մոտ 50 րոպե ուշացումով, քանի որ գործով միակ կալանավորված ամբաստանյալը, Վիլեն Գրիգորյանը, ուշացումով է բերվեց դատարան։ Դատական նիստի մեկնարկից հետո դատավորը նրանից հետաքրքրվեց՝ որն է եղել նախորդ դատական նիստին չներկայանալու պատճառը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ բացակայությունները համարվել են անհարգելի։

Վիլեն Գրիգորյանը նշեց, որ ինչպես այսօրվա ուշացման, այնպես էլ իր բացակայությունները պայմանավորված են առողջական վիճակով։ Ամբաստանյալի խոսքով՝ ինքը մաշկային հիվանդություն ունի, բացի այդ՝ հազալիս արյունը է գալիս։

«Բա որ գայի, մարդիկ վարակվեին։ Ես հարգելով չեմ եկել, ոչ թե չեմ հարգել ներկաներին։ Բժշկուհուն հարցրեցի՝ եթե առողջ եմ, ապա որտեղից է գալիս արյունը։ Ասումա՝ հավաքված արյունա, քո երակները բարակածա։ Ինֆեկցիոն հիվանդություն են հայտնաբերել իմ մոտ, երակների խցանում են հայտնաբերել։ Ներքին կարգով իմացել եմ՝ հրաման կա, որ ինձ չպահեն հիվանդանոցում։ Եկել եմ ՔԿՀ, նորից Քրեակատարողական հիմնարկում վատացել եմ, ռենտգեն ապարատով նկարել են, նորից էսօր խորխ են վերցրել, տարել են Աբովյան՝ ստուգելու։ Ամեն հիվանդանոց տանելուց մի հիվանդություն ավելանում է»,-նշեց ամբաստանյալը։

Դատավորը հիշեցրեց, որ Վիլեն Գրիգորյանի նկատմամբ փորձաքննություն է նշանակվել, դատավորի աշխատակազմը կապ կհաստատի փորձաքրեագիտական հաստատության հետ՝ պարզելու համար, թե որ փուլում է գտնվում փորձաքննությունը և ինչպիսի ժամկետներում այն կիրականացվի։ Նշենք, որ նիստի գրեթե ամբողջ ընթացքում Գրիգորյանի հազը չէր դադարում։ Վերջինս հաճախ էր դուրս գալիս նիստերի դահլիճից, հետո հետ վերադառնում։

Վիլեն Գրիգորյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի իր պաշտպանյալի տանը կատարված խուզարկության ժամանակ «կուռտկայի գրպանից» առգրավված գումարը վերադարձվի, քանի որ այն պատկանում է ոչ թե ամբաստանյալին, այլ նրա տղային։ Դատարանը գտավ, որ միջնորդությունը չի կարող բավարարվել այս փուլում։

Այսօրվա նիստի ընթացքում դատարանը ավարտված համարեց նախնական դատալսումները, և որոշեց նշանակել հիմնական դատալսումներ։ Գործով մեղադրող Կորյուն Սերոբյանը ներկայացրեց մեղադրյալներին մեղսագրվող արարքների փաստական հիմքը և իրավական գնահատականը։

Գործի նյութերի համաձայն՝ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հրաչյա Երեմյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Փիլոյանին հայտնել է 960 000 դրամին համարժեք 2 հազար դոլար կաշառք տալու պատրաստակամության մասին։ Անդրանիկ Փիլոյանը համաձայնեցրել է կաշառքը ջեռուցման կաթսայի և դրա գործարկման համար անհրաժեշտ դետալների տեսքով ընդունումը։ Երեմյանը «Իդեալ» համակարգի խանութ-սրահներից մեկից շուրջ 644 հազար դրամ արժողությամբ Baxi կաթսա է ձեռք բերել և դրա գործարկման համար անհրաժեշտ դետալներ։ Միայն կաթսան արժեքը զեղչված կազմել է շուրջ 341 հազար։ Երեմյանն այս ամենը պահել է իր ավտոտնակում՝ հետագայում Փիլոյանին փոխանցելու համար։

Որոշ ժամանակ հետո Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանը ձեռնամուխ է եղել ջեռուցման կաթսան Անդրանիկ Փիլոյոնի որդու և դստեր անվամբ ձեռք բերված բնակարան տեղափոխելու և տեղադրելու գործընթացն իրականացնելուն։ Ընթացքում Հակոբյանը պարզել է, որ Հրաչյա Երեմյանն ուռճացրել է կաթսայի գինը ու դրա մասին հայտնել է Փիլոյոնին, ինչն էլ առաջացրել է վերջինիս զայրույթը։

Այնուհետև նախարարը Հրաչյա Երեմյանին կանչել է իր մոտ, նախատել է, հետո պահանջել, որ վերջինս լքի իր աշխատասենյակը։ Այս ամենից հետո Երեմյանը Փիլոյանի որդու և դստեր տուն է տեղափոխել Baxi կաթսան, պակասող գումարը Աշոտ Հակոբյանը վերցրել է Երեմյանից և տարբեր եղանակներով փոխանցել Փիլոյանին։

Բացի այդ, նախարարության հետ համագործակցող «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Աշոտ Հակոբյանի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով` 1․000000 ՀՀ դրամ կաշառք: Նշված գումարը խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Հակոբյանի չհրկիզվող պահարանում։

Գործի նյութերի համաձայն՝ ԱԻ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Վիլեն Մկրտչյանն իր ծանոթ Արթուր Օհանյանի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է Փիլոյանին, ով ընդունել է այդ առաջարկը: Արթուր Օհանյանի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վիլեն Մկրտչյանն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք ստանալուն: Նշված ձուլակտորը հայտնաբերվել են Փիլոյանի բնակարանում։

Մեղադրողի խոսքով՝ նախաքննությամբ պարզվել է նաև, որ Անդրանիկ Փիլոյանը, առանց օրենքով սահմանված կարգի և փաստաթղթավորման, բանավոր հանձնարարություն է տվել Վիլեն Մկրտչյանին ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի Գագարինի պահեստի ավելի քան 18 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապամոնտաժելու վերաբերյալ: Այնուհետև Վիլեն Մկրտչյանը 2022թ. մարտին, հիշյալ գույքը հափշտակելու դիտավորությամբ, այն տեղափոխել է մասնավոր տարածք և դրա մի մասը վաճառել Սևան քաղաքի բնակչին:

Նիստի ընթացքում մեղադրող դատախազը ներկայացրեց նաև մյուս 12 մեղադրյալների մեղադրական եզրակացությունները։

  • Կիսվել: