շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ամեն օր ոտնահարված են Գեղարքունիքում և Սյունիքում՝ սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները․ ՄԻՊ-ը ՄԽ համանախագահներին հատուկ զեկույց է ուղարկել

Ամեն օր ոտնահարված են Գեղարքունիքում և Սյունիքում՝ սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները․ ՄԻՊ-ը ՄԽ համանախագահներին հատուկ զեկույց է ուղարկել

ՄԻՊ Արման Թաթոյանը ՄԽ համանախագահներին հատուկ զեկույց է ուղարկել։

ՄԻՊ-ը, մասնավրոապես, հայտնել է․

"ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղարկել եմ հատուկ զեկույց՝ բացատրական նամակով, ադրբեջանական զինված ծառայողների արարքներով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ:

Փաստաթղթում փաստերով, կոնկրետ օրինակներով ցույց է տրված, որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների մտադրված կազմակերպմամբ, ամեն օր ոտնահարված են Գեղարքունիքում և Սյունիքում՝ մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները, խաթարված է անվտանգությունն ու նորմալ կյանքը (բերված են նաև Արարատի մարզի Երասխ համայնքի օրինակները):

Հետևաբար, առաջնահերթ գերակայություն է մարդկանց համար իրենց նորմալ կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելը: Ցույց ենք տվել նաև այդ խախտումների ազդեցությունը ՀՀ ողջ բնակչության իրավունքների վրա: Ընդ որում, զեկույցում իրավունքների խախտումները վերլուծված են՝ ըստ խմբերի (օրինակ՝ կյանքի իրավունք, ազատ տեղաշարժվելու իրավունք, երեխաների իրավունքներ և այլն):

Նշել եմ, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել այդ ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Ավելին, նրանք զինված ցուցադրաբար ներկա են ճանապարհներին, քաղաքացիական բնակիչների համար տեսանելի հատվածներում ու կատարում մարդկանց իրավունքները կոպիտ ոտնահարող արարքներ: Հիմնավորել եմ նաև, որ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների սնուցող աղբյուրը ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո ոչ միայն չի նվազել, այլ խորացել է:

Ուստի, եզրահանգումը հստակ է՝ մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Այսինքն՝ պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է:

Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես ներկայում անհրաժեշտ է հրատապ վերականգնել մարդկանց իրավունքներն ու նորմալ կյանքը: Օրինակով ցույց է տրվել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: Իմ այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից": 

  • Կիսվել: