ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ախալքալաքում նշեցին Երեխաների պաշտպանության միջազգային օրը (լուսանկարներ)

Ախալքալաքում նշեցին Երեխաների պաշտպանության միջազգային օրը (լուսանկարներ)

Այսօր Ախալքալաքի կենտորնական փողոցներում մանկան խինդն էր տիրում՝ գույնզգույն փուչիկներ, նկարազարդ դեմքեր, անհոգ ժպիտներ, խնդուն աչքեր: Փոքրիկները նշեցին տարվա ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, գրում է jnews.ge-ն:

Սուրբ Խաչ եկեղեցու բակում իսկական տոնակատարություն էր։ Երգի, պարի և հետաքրքիր խաղերի միջոցով Ջավախքի փոխառաջնորդությունը երեխաների օրը վերածեց գեղեցիկ տոնի։

Եկեղեցու բակում Ախալքալաքի բնակիչ Արմեն Մկոյանը պաղպաղակ էր հյուրասիրում մանուկներին: Ամենուր մանուկների պարզ ու անմեղ ծիծաղի ձայնն էր:

Խաղաղության երթով, երգով ու պարով ներկայացան նաև Ախալքալաքի հայկական կրթամշակութային երիտասարդական կենտրոնի սաները։

«Խաս բախչա» զբոսայգին նույնպես լի էր մանուկներով: Այստեղ միջոցառումը կազմակերպել էր քաղաքապետարանը։ Երգերով և պարերով ներկայացավ Ախալքալաքի մշակույթի տունը: Այգու կենտրոնում Նկարչական դպրոցի սաներն էին նկարում, իսկ մյուս հատվածում «Պույ-պույ» տիկնիկային թատրոնն էր ներկայացում ցուցադրում:

Ախալքալաքի տեղական զարգացման խմբի ներկայացուցիչներն այսօր ներկա եղան թիվ 2 մանկապարտեզում տեղի ունեցած միջոցառմանը: Նրանք «Նախադպրոցական կրթության նոր չափանիշների, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում Ախալքալաքի մունիցիպալիտետում» նախագծի շրջանակներում նախակրթարանին նվիրեցին ինտերակտիվ գրատախտակ, խաղալիքներ և կահույք:

Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:

  • Կիսվել: