երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցչի տեղակալ

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցչի տեղակալ

Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի մասով այս պահին ընթանում են աշխատանքներ. Քանի որ այս պահի դրությամբ մեր գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է հրատապ միջոց կիրառելու մասին դատարանին պահանջներ ներկայացնելու ուղղությամբ, իսկ տեսանյութում երեւում է, որ այդ մարդիկ ուղղակի սպանվում են, այս պահին միջանկյալ միջոցի պահով, որպես առանձին պահանջ ներկայացնելու համար իրավական գործիքները մեզ թույլ չեն տալիս, բայց անպայման դա կօգտագործվի, որպեսզի առհասարակ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցը եւս մեկ անգամ ՄԻԵԴ-ում բարձրացվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը:

«Եվրոպական դատարանին ավելի քան համոզիչ ապացույցներ են ներկայացվում, որ ի վերջո, այդ միջանկյալ միջոցները կիրառվեն: Իսկ միջանկյալ միջոցին հաջորդող պրոցեսներում, երբ միջպետական գանգատները կկումինիկացվեն կամ կներկայացվեն ՄԻԵԴ, այդ շրջանակներում, բնականաբար, այս փաստը եւս կարձանագրվի եւ համապատասխան պահանջներ կներկայացվեն դատարանին արդեն իրավունքների խախտման մասով»,-ասաց նա:

Դիանա Քարազյանի խոսքով, ռազմագերիները, որոնք հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ սկսած սեպտեմբերի 13-ից, կառավարության անունից միջպետական գանգատների շրջանակներում այդ ապացույցները ներկայացվել են Եվրոպական դատարան: «Ցավոք սրտի, Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը հենց դատարանը պահանջել է:  Շատ ընդհանուր տեղեկություն են ներկայացնում: Այս պահի դրությամբ Ադրբեջանը զուտ հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի: Նրանց մասին ներկայացրել է շատ ընդհանուր տեղեկատվություն, թեեւ դատարանը պահանջել էր, որ ավելի մանրամասն տեղեկություն տրամադրի, այդ թվում նրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, արդյոք նրանք բժշկական հետազոտությունների ենթարկվել են, թե ոչ; Մեզ համար նորություն չէ Ադրբեջանի նման վարքագիծը»,-ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը:

 

  • Կիսվել: