Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119–ն է. Սիրանուշ Սահակյան
Իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։
Իրավական առումով գերիների խնդրին առնչվող քննարկումները նշանակություն չունեն, բայց երբ հայկական կողմը պաշտոնականացնում է թվեր կամ ընդունում փաստեր, որոնք հայանպաստ չեն և հաճախ հակասում են իրականությանը, ապա դա կարող է ձեռք բերել որոշակի իրավական արժեք, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներում գերիների խնդրի քննարկմանը վերաբերող հարցին, մայիսի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձի հարցը։
«Եթե ՀՀ վարչապետը, հանդես գալով որպես Ադրբեջանի նախագահի խոսնակ, բարձրաձայնում է 39-ը որպես պաշտոնականացված թիվ և ջանք չի գործադրում հրապարակայնացնել նաև Հայաստանի պաշտոնականացված թվերը, ապա դա կարող է ընկալվել որպես կոնսենսուս գերիների իրական թվի առնչությամբ, և հետագա իրավական գործընթացներում Ադրբեջանը կարող է պաշտպանվել` ասելով, որ Հայաստանը նույնպես պաշտոնապես ընդունում է, որ 39 անձից ավել գերիներ չկան, ուստի քննարկումները կարող են բացառապես առնչվել 39 անձանց հայրենադարձմանը»,– նշել է իրավապաշտպանը։
Սահակյանի դիտարկմամբ`տրամադրված տեղեկությունները և բարձրաձայնված, պաշտոնականացված տվյալները չեն արտացոլում իրականությունը և հետագայում կարող են շահարկվել իրավական գործընթացներում։
Իրավապաշտպանի կարծիքով` Ադրբեջանի իշխանությունները գիտակցում են, որ հարցն ունի իրավական հանգուցալուծում, և եթե քաղաքականության մեջ որոշակի ժամանակահատվածում լուծումներ չտրվեն, ապա դա արվելու է իրավական պարտադրանքի ձևով։ Հետևաբար Ադրբեջանը որոշակի կետում նախընտրելու է թեկուզ քիչ պահանջների ու առևտրի արդյունքում քաղաքական ճանապարհով իրականացնել գերիների հայրենադարձությունը, քան դա անել հարկադրված` առանց քաղաքական սակարկությունների, դատական պարտադրանքի ներքո։
Սահակյանի պնդմամբ` իրավական գործընթացները զսպող են, և կա ակնկալիք, որ եթե միջազգային ճնշմամբ կամ քաղաքական քննարկումների արդյունքում խնդիրը չլուծվի, միևնույնն է, մեր քաղաքացիները պաշտպանված են, և որոշակի ժամանակ անց իրավական հարթության մեջ գերիների հետ կապված խնդիրը լուծվելու է։