ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ուսումնասիրություններ է իրականացրել Արցախում սանձազերծված վեցշաբաթյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից բժշկական հաստատությունների վրա իրականացրած անօրինական հարձակումների վերաբերյալ:

1lurer.am-ի փոխանցմամբ, hետազոտությունների մասին հոդվածը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Human Rights Watch-ը փաստագրել է բազմաթիվ անօրինական հարձակումներ Մարտակերտի քաղաքացիական  հիվանդանոցի վրա 2020-ի սեպտեմբերից մինչև նոյեմբեր, իսկ հոկտեմբերին անօրինական գրոհ քաղաքի արվարձանում գտնվող զինվորական հոսպիտալի վրա: Բուժհաստատությունները շատ մոտ են եղել առաջնագծին:

Հոդվածում նշվում է, որ զինվորական հոսպիտալի վրա Ադրբեջանի օգտագործած սպառազինությունը՝ արբանյակով ուղղորդվող իսրայելական LAR-160 համազարկային կրակի համակարգը, կիրառվել է կանխամտածված: Հանրային հիվանդանոցի վրա հարձակումների ժամանակ օգտագործվել են «Գրադ» տեսակի հրթիռներ և կասետային ռումբեր  առանց խտրականության:

Գրոհների հետևանքով վնասվել են երկու հիվանդանոցներն էլ՝ խոչընդոտելով բուժաշխատողների աշխատանքը, սակայն, բարեբախտաբար, զոհեր կամ տուժածներ չեն եղել:

Արբանյակային պատկերները, սոցիալական հարթակներում տեղադրված տեսագրությունների վերլուծությունը կազմակերպությանը հնարավորություն են տվել պարզելու, որ Մարտակերտում տեղակայված որոշ օրինական ռազմական օբյեկտներ գտնվել են հիվանդանոցներին մոտ:

Իրավապաշտպան կազմակերպությունը նաև փաստում է, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի ռազմական շտապօգնության ավտոմեքենայի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը միտումնավոր է եղել, որի հետևանքով ռազմական բժիշկ էր մահացել:

Human Rights Watch-ն ավելի վաղ փաստել էր Ստեփանակերտի երկու հիվանդանոցների ավերածությունները: Կազմակերպությունը հիշեցրել է, որ հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, շտապօգնության մեքենաները համարվում են քաղաքացիական օբյեկտներ, որոնք, ըստ պատերազմական օրենքների, գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Կազմակերպությունը նշել է, որ հայկական կողմի պնդմամբ՝ ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է 9 բուժհաստատություն Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում:

Անդրադառնալով իսրայելական սպառազինությանը՝ կազմակերպությունն ընդգծել է, որ Ստոկհոլմի հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ LAR-160 հրթիռահրետանային համակարգն ու «Էքստրա» հրթիռներն Իսրայելից Ադրբեջան են տեղափոխվել 2005-2006 թվականներին: «Էքստրա» հրթիռները լիցքավորված են 120 կգ պայթուցիկ պարունակող մարտագլխիկներով: Այս հրթիռի հեղինակները նշում են, որ զինատեսակի ճշգրտության սխալմունքի հավանականությունը 10 մետրից պակաս է: Այն ունի արբանյակից ուղղորդվելու հնարավորություն: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հրթիռներով հարձակումները միտումնավոր են եղել:  

  • Կիսվել: