կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Աբսուրդ է, երբ անձը ենթակա է զորակոչման, բայց քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք չունի. փաստաբան

Աբսուրդ է, երբ անձը ենթակա է զորակոչման, բայց քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք չունի. փաստաբան

Այս նոր որոշումը, որով սահմանվել են զենք կրելու, օգտագործելու իրավունք չունեցող անձանց ցանկը, անակնկալ է եղել նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի համար, որեւէ քննարկում չի եղել նրանց հետ, չեն տեղեկացրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ասուլիսի ժամանակ նշեց Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ Նարեկ Ներսիսյանը:

«Նապատակը, կարծում եմ՝ հետամնացությունն է: Անգամ եթե վերցնեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմատիվները, կտեսնենք, որ այսօր հիվանդությունների չափորոշման այլ նորմատիվ ակտեր են գործում: Այնտեղ լրիվ այլ մեթոդիկա է կիրառվում: Թե ինչու չեն օգտվում այդ ակտերից, դա էլ է հարց:

Մյուս կողմից բյուրոկրատական համակարգը ինչպես կար, մնացել է, աշխատել են այնպես, ինչպես սովոր էին աշխատել:

Սահմանափակ գործունակությամբ, սահմանափակ աշխատունակ անձինք ինչու պետք է զրկվեն ինքնապաշտպանվելու իրավունքից: Ես գիտեմ մարդիկ, որոնք հատուկ նշանակության զորքերում են ծառայել, ունեն վերջույթների որոշակի վնասվածքներ, ասենք, մատների որոշ մասը չկա, նրանց տանում են զորահավաքին որպես հատուկ ստորաբաժանման սպա, մարդը հետ է գալիս, ցանկություն ունի քաղաքացիական զենք  ձեռք բերելու, բայց այս որոշմամբ նման հնարավորություն չունի: Սա աբսուրդ է եւ ամբողջությամբ վերանայման կարիք ունի»,-ասաց Նարեկ Ներսիսյանը:

«Ազատազէն» ռազմակրթական ՀԿ անդամ, փաստաբան Տարոն Բաղդասարյանն էլ նկատեց, որ աբսուրդ է, երբ անձը ենթակա է զորակոչման, հավաքների մասնակցության, բայց քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք չունի:

Հիշեցնենք, որ կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել այն ցանկում, թե ովքեր իրավունք չունեն զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու:

Ըստ այդմ, զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`

  1. հոգեկան խանգարումների տեսակներ
  2. նյարդային համակարգի հիվանդություններ
  3. վնասվածքների հետևանքներ
  4. վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,
  5. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ
  6. զարգացման արատներ
  7. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ:

  • Կիսվել: