երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի գույքի վրա կալանք է դրվել. վիճարկվում է օրինականությունը

ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի գույքի վրա կալանք է դրվել. վիճարկվում է օրինականությունը

Գլխավոր դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում ուսումնասիրում է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանի ձեռք բերած գույքի օրինականությունը: Դատարանի որոշմամբ՝ այդ գույքի վրա կալանք է դրվել:Այս տեղեկությունը Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Դատախազությունը, հղում անելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, հրաժարվել է այլ մանրամասներ տրամադրել և հայտնել, թե որ գույքի մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց նախորդ տարի: Լրատվամիջոցները Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տեղեկություններ էին հրապարակել: ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար։ Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրանք էր առաջադրվել, քանի որ նա կասկածվում էր այդ տեղեկությունները հանրայնացնելու համար: Հետագայում քրգործը կարճվեց: Սերոբ Հարությունյանը եղել է Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետ, այնուհետև՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: Այսօր նրա հեռախոսահամարն անհասանելի էր:


  • Կիսվել: