երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության վարույթ է ընդունվել

«Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության վարույթ է ընդունվել

2019թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանը «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության վարույթ է ընդունվել, որով հեռուստաընկերության անունից ՄԵԼՏԵՔՍ ՍՊԸ-ն պահանջում է առոչինչ ճանաչել 2003 թվականին կայացված 7 մրցույթի որոշում, ինչի արդյունքում «Ա1+» հեռուստաընկերությունը չի կարողացել թողարկման լիցենզիա ստանալ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արա Ղազարյանը։

«Մենք պահանջում են ոչ թե անվավեր, այլ առոչինչ ճանաչել այդ 7 ակտերը: Առոչինչ ճանաչելը նշանակում է, որ անգամ օրենքի կիրառության նպատակն է եղել ոչ իրավաչափ: 7 ակտի նպատակը ոչ թե վարչարարությունն է եղել կամ հեռարձակման ոլորտի բարելավումը, այլ դրանք հետապնդել են քողարկված քաղաքական օրակարգ, ու ցանկանում էին թույլ չտալ «Ա1+»-ին եթեր վերադառնալ, քանի որ անկախ հեռուստաընկերություն էր, հետեւաբար՝ պետք է առոչինչ ճանաչվեն: Մեզ նույնիսկ պետք չէ ապացուցել դատարանում, որ այդ ակտերը առոչինչ էին, որովհետեւ հանրորեն հայտնի փաստ է, որ «Ա1+»-ը եթերազրկվեց ոչ թե նրա համար, որ մրցութային փաթեթը չէր համապատասխանում օրենքի պահանջներին, այլ չհաղթեց զուտ նրա համար, որ նա «Ա1+»-ն էր»,- ասաց փաստաբանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ այստեղ զուտ իրավական արդարության հարց կա. «Սա ոչ թե քաղաքական մոտեցում է, այլ արդարության վերականգնմանն ուղղված շատ կարեւոր քայլ է: Լիահույս ենք, որ փոփոխված պայմաններում դատարանները կարող են անկաշկանդ որոշում կայացնել: Նախորդ տասնամյակներում դա ակնկալելը շատ բարդ էր, քանի որ  «Ա1+»-ը եթերազրկվեց հենց քաղաքական դրդապատճառներով, եւ որեւէ դատարան այն ժամանակ նման անկաշկանդ որոշում չէր կարող կայացնել: Հիմա շատ բարենպաստ պայմաններ են»։

  • Կիսվել: