երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
«5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ գույքն ու միջոցներն ազատվեցին կալանքից՝ բացառությամբ 1,5 միլիոն դրամի

«5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ գույքն ու միջոցներն ազատվեցին կալանքից՝ բացառությամբ 1,5 միլիոն դրամի

Երեւանի ընդհանուր իրավասության դատանում այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործով հերթական դատական նիստն էր, որի ընթացքում նրա պաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց վերացնել Թավադյանին պատկանող անշարժ/շարժական գույքի, դրամական միջոցների վրա նախաքննական մարմնի դրած կալանքը, գրում է aravot.am-ը:

Մեղադրող դատախազն առարկեց միջնորդության դեմ եւ հիշեցրեց՝ հավանական է, որ դատական ծախսեր առաջանան, ավելին՝ հաշվի առնելով Թավադյանին վերագրվող արարքի ծանրությունը՝ հիմքեր կան կասկածելու, որ նա գույքը կարող է թաքցնել կամ օտարել:

Հիշեցնենք՝ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, 2008թ.-ի մարտյան իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում՝ նշված գործից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ.-ի ամռանը նշված նպատակով Վարուժան Մկրտչյանի և Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ։

Իսկ Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի աջակից, 2019թ․ ամռանը նշված նպատակով Արմեն Թավադյանի և Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ։ Մեղադրյալ Վարուժան Մկրտչյանը հաստատել է, որ նախորդ տարի ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն է զրուցել Մարտի 1-ի գործով տուժող, ՊՊԾ գնդի նախկին ծառայող Վրույր Գաբրիելյանի հետ, բայց Մկրտչյանի պնդմամբ՝ Գաբրիելյանն ինքն էր եկել եւ ասել, որ իրեն ճնշում են:

Իսկ ըստ ոստիկանության՝ Գաբրիելյանին հրավիրել են եւ առաջարկել փոխել նախաքննական ցուցմունքն ու ասել, թե Մարտի 1-ին իրեն հարվածել են ոչ թե ոստիկանները, այլ քաղաքացիները, եւ այդ նպատակով փորձել են կաշառել նրան: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը որոշեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը բավարարել մասնակի եւ Թավադյանին պատկանող շարժական/անշարժ գույքը, ֆինանսական միջոցներն ազատել կալանքից՝ պահպանելով միայն 1 միլիոն 512 000 դրամի չափով ֆինանսական միջոցի վրա նախաքննական մարմնի կողմից դրված կալանքը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին՝ 16:00-ին:

  • Կիսվել: