շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
37-ամյա տղամարդու դաժան սպանության մեջ կասկածվում է ավտովերանորոգմամբ զբաղվող 25-ամյա երիտասարդը

37-ամյա տղամարդու դաժան սպանության մեջ կասկածվում է ավտովերանորոգմամբ զբաղվող 25-ամյա երիտասարդը

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը հունիսի 11-ին միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Պ-ի նկատմամբ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նա կասկածվում է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշով։

Կայքի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի դատավոր Գոռ Շահբազյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և կայացրել է որոշում՝ Նարեկ Պ-ի նկատմամբ, այն է՝ վերջինս որպես հետախուզվող, որոնվում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից։

Նա կասկածվում է Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վահագն Մ-ին սպանելու մեջ։ Վահագն Մ-ն 2020 թվականի նոյեմբերի 2-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից։ Նա զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ և վերջերս էր արտասահմանից վերադարձել Հայաստան, իսկ կասկածյալ Նարեկ Պ-ն զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ։

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները այդ սպանությունը բացահայտելու ուղղությամբ կատարել են նախ որոնողական, ապա՝ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում Կոտայքի մարզում հայտնաբերվել էր սպանվածի դին, իսկ այնուհետև պարզվել է սպանության մեջ կասկածյալի ինքնությունը։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Նարեկ Պ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: