30-ից ավելի օրենսդրական նախագծեր արդեն իսկ մոտարկված են ԵՄ օրենսդրությանը. Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության 4-րդ նիստին: Նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել, պատասխանել նիստի մասնակիցների հարցերին:
Նա ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները, անդրադարձել անելիքներին: Նա հիշեցրել է վերջերս տեղի ունեցած՝ մարդու իրավունքներին և արդարադատության ոլորտին վերաբերող ԵՄ-Հայաստան երկխոսությունները, որոնք այս հարցերում մեր պետության զգալի առաջընթաց են արձանագրել։
Նախարարը խոսել է Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերից: Սրբուհի Գալյանը թվարկելով քայլերը՝ նշել է, որ սահմանադրական բարեփոխումներն ընթացիկ փուլում են, գործում է համապատասխան խորհուրդը, այժմ աշխատանքներ են տարվում Սահմանադրության նոր տեքստի վրա, որը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները:
Հաջորդ ոլորտը, նախարարի խոսքով, ընտրական բարեփոխումների ոլորտն է։ Նա անդրադարձել է ընտրական օրենսդրությունում ընդունված փոփոխությունների փաթեթին, որի համաձայն շեշտադրվել են անձանց, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, նրանց ընձեռվել է հավասար հնարավորություն` մասնակցելու ընտրական գործընթացներին:
«Այս օրենսդրական փաթեթի շեշտադրումը կուսակցությունների ֆինանսավորումն է: Կուսակցություններին տրվել է հավասար ֆինանսավորում ստանալու հնարավորություն, իսկ հաջորդ կարևոր քայլը, որը նախատեսված է նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակում, մեր օրենսդրության մոտարկումն է Եվրոպական Միության օրենսդրությանը, և այս ուղղությամբ ևս արդեն քայլեր են ձեռնարկվել 2024 թվականի ընթացքում, և 30-ից ավել օրենսդրական նախագծեր արդեն իսկ մոտարկված են ԵՄ օրենսդրությանը»,- ընդգծել է նախարարը:
Նա անդրադարձել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտին՝ նշելով, որ այժմ մշակվում է առանձին ինստիտուտ ստեղծելու հայեցակարգ, այդ ինստիտուտը պատասխանատու է լինելու անձնական տվյալների պաշտպանության համար: Նա տեղեկացրել է, որ մշակվել է նաև ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենսդրական նախագիծ, և ներկայումս այն գտնվում է քննարկումների փուլում:
Նախարարն անդրադարձել է ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովների հետ գործընկերային և արդյունավետ աշխատանքին՝ նշելով, որ բացի նշված նախագծերից՝ նաև քայլեր պետք է ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց կողմից դատական արդարադատության իրականացման մատչելիության ապահովման մասով, և ներկա պահին քննարկվում է այս անձանց պետական տուրքից ազատելու կամ առնվազն պետական տուրքի տարաժամկետ վճարման հարցը:
Նախարարն անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ի որոշումներին՝ հավաստելով, որ դրանց կատարման գործընթացը մեր երկրում շարունակական է, և այդ ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկվում են:
Նախարարը եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում իրավապահ մարմինների և դատարանների համար մշակվել է խտրականության և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների քննության մեթոդական ուղեցույց, որը շուտով կհանձնվի իրավապահ մարմինների աշխատակիցների դատին:
«Արդարադատության ակադեմիան այս ոլորտներում պարբերական դասընթացներ է իրականացնում, և մեր քննիչները, դատախազները, դատավորները, ինչպես նաև այս պաշտոնների հավակնորդ-թեկնածուները, ոստիկանները վերապատրաստվում են այս ուղղություններով։ Ապագայում հանդես կգանք առանձին ռազմավարություն ունենալու նախաձեռնությամբ, որը կշեշտադրի հենց իրավահավասարությունը և խտրականության դեմ պայքարը, և էլ ավելի մեծ թափով հանրային իրազեկման արշավներ կկազմակերպվեն այս ուղղությամբ՝ ընդգծելով բոլոր անձանց իրավահավասարության և խտրականությունից զերծ լինելու անշեղ սկզբունքները»,- նշել է Սրբուհի Գալյանը:
Նա ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացված քայլերը՝ ընդգծելով թվայնացման օրակարգը, անդրադարձել է նաև վեճերի այլընտրանքային լուծման գործող մեխանիզմներին:
«Արդարադատության ոլորտում անելիքները բազմաթիվ են, և ստանձնած քաղաքական հանձնառությունը միտված է մեկ հիմնական խնդրի լուծմանը, այն է՝ արդարադատությունը պետք է սպասարկի արդարության շահը, և վերջնարդյունքում «արդարություն» և «արդարադատություն» հասկացությունները նույնանան: Դրա համար մենք պետք է առաջնորդվենք արդարադատության ստանդարտների սահմանման ճանապարհով, և այս ստանդարտները պետք է ներառեն գործի քննության չափորոշիչների մշակումը և այդ գործերը քննող անձանց համար որոշակի չափանիշների սահմանումը»,- ասել է նախարարը: Նա ներկայացրել է նաև Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների ոլորտներին առնչվող տեղեկատվություն՝ ասելով, որ խնդիր է դրվել ունենալ նոր բանտային համակարգ, ինչը ոչ միայն նոր շենքային պայմաններ է ենթադրում, այլև՝ նոր որակի քրեակատարողական ոլորտի ծառայողներ: Նախարարը նշել է, որ այս փոփոխություններից անմասն չպետք է մնա Պրոբացիայի ծառայությունը:
«Մեր օրենսդրությունը շեշտադրել է վերականգնողական արդարադատությունը և վերականգնողական արդարադատության իրականացման համատեքստում՝ պրոբացիայի ծառայության գործունեությունը, որն իրականացնում է այլընտրանքային խափանման միջոցները և այլընտրանքային պատիժները, և մենք մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնելու նաև Պրոբացիայի ծառայության կարողությունները»,- եզրափակել է նախարարը»։
Նիստին քննարկվել են ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը, ԵՄ աջակցությունը Հայաստանի դիմակայունությանը՝ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության միջոցով, և դիվերսիֆիկացիան: Օրակարգում է եղել ԵՄ-Հայաստան համագործակցությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերների և Հայաստանի ու իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցը: