երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
2022-ի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 37 612 դեպք՝ 24,4 %-ով ավելի 2021-ի ցուցանիշից․ Վարդապետյան

2022-ի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 37 612 դեպք՝ 24,4 %-ով ավելի 2021-ի ցուցանիշից․ Վարդապետյան

«2022-ի ընթացքում  ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 37 612 դեպք,  որից 21 604-ը՝ Երևան քաղաքում։  Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24,4 տոկոսով։ 2022-ին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճ»,- այս  մասին ԱԺ իր ելույթում հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով Դատախազության 2022-ի գործունեության մասին հաղորդումը։ Վարդապետյանը նշեց, որ հատկապես ցանկանում է կենտրոնանալ անցած տարում արձանագրված հանցագործության դեպքերի ցուցանիշների վրա։

«2021-ի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը 2022-ին աճել են 2831-ով կամ 19,3 տոկոսով, միջին ծանրության հանցագործությունները՝ 2383-ով կամ 29,8 տոկոսով, ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով  կամ 14,2 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 530-ով կամ 151,4 տոկոսով։ 530-ով ավելացած դեպքերից 484-ը  հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում, հետևաբար 2022-ին՝ առանց հանկարծամահությունների դեպքերի հաշվառման, կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- նշեց Վարդապետյանը։

Վարդապետյանը նշեց, որ թեև գործունեության հաղորդումը 11 բաժիններից է բաղկացած, բայց այստեղ առանցքային են հատկապես  կոռուպցիայի դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցապահանջների, քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման հարցերը։ 

 

  • Կիսվել: