շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2021-ի ընթացքում մեկ քննիչին միջինում 85 քրեական գործ է հասել, մեկ դատախազին՝ 120-130․ Գլխավոր դատախազ

2021-ի ընթացքում մեկ քննիչին միջինում 85 քրեական գործ է հասել, մեկ դատախազին՝ 120-130․ Գլխավոր դատախազ

«Թե որ երկրում հանցավորության  ինչպիսի մակարդակ կա, կախված է բազմաթիվ պատճառներից՝  սոցիալ-հոգեբանական մակարդակից սկսած մինչև բարոյական նկարագիր»,-   այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի  հարցին, թե ինչպես է ստացվել, որ այս տարի հանցագործության ցածր մակարդակ ունենք։

Դավթյանը նշեց, որ հանցավորությունների նվազման մեջ դեր են խաղում  հանցավորության դեմ պայքարում իրականացնող գործընթացները․ «Հանցավորության թվի նվազումը ընդհանուր  առմամբ  բազմաթիվ գործոնների մեկ ամբողջականության արդյունք է»։  

«Հանցավորության վիճակի վերաբերյալ նույնիսկ հպանցիկ պատկերացում ունենալու համար շատ հաճախ ոչ թե ընդհանուր հանցավորության թիվը պետք է վերլուծել, այլ առանձնապես ծանր մի քանի հանցատեսակների թիվը։ Դրանք են՝ սպանություններ,  սպանության փորձեր, ավազակային հարձակումներ և ևս մի քանի տեսակի հանցագործություններ»,- ասաց Գլխավոր դատախազը, ընդգծելով, որ իրավապահ մարմինների  աշխատանքի ընթացքում հանցավորության դինամիկան բոլոր ուղղություններով պարբերաբար  ենթարկվում է վերլուծության  և դրա դեմ պայքարն ուժեղացնելու ուղղությամբ մշապես ձեռնարկվում են միջոցներ․ « 2021-ին 2020-ի համեմատ ունեցել ենք սպասնությունների  20 տոկոս աճ, բայց օրինակ 2022-ի միայն առաջին եռամսյակի տվյալներով  նախորդ տարվա համեմատությամբ 45 տոկոս նվազում ունենք»։ 

Բագրատյանը հարցրեց նաև, թե որոնք են  քրեական գործերի ձգձգումների պատճառները, որոնք հաճախ դժգոհութունների տեղիք են տալիս։ Դավթյանի խոսքով, ձգձգումների պատճառները տարբեր կարող են լինել․ «Քրեական գործերի քննման գործընթացը բաղկացած է մի քանի  մասից։ Կարող են լինել  ձգձգումներ մինչդատական վարույթում,  դատական քննության վարույթում ։ Մինչդատական վարույթում  բազմազան են պատճառները, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ,  կան դրսևորումներ, որոնք մենք գնահատում ենք որպես արհեստական ձգձգումներ, դրանք էլ ունենում են իրենց իրավական հետևանքները»,- ասաց Գլխավոր դատախազը։ 

Արթուր Դավթյանն ընդգծեց, որ քրեական գործերի ձգձգման հիմնական պատճառներից է ծանրաբեռնվածությունը․ «Միայն 2021-ի ընթացքում մեկ քննիչին միջինում  85 քրեական գործ է հասել, մեկ դատախազին՝ 120-130»։

Դավթյանը նշեց նաև, որ կան քրեական գործեր, որոնք օբյեկտիվորեն ձգձգվում են, երբ հարկ է լինում իրականացնել  փորձաքննություններ, որոնք ամբողջ աշխատանքի մի մասն են կազմում։ 

  • Կիսվել: