հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2019 թվականի 10 ամսում ՀՀ-ում ընտանիքում բռնության դեպքերով ունեցել ենք 1400 ահազանգ․ Արթուր Վարդանյան

2019 թվականի 10 ամսում ՀՀ-ում ընտանիքում բռնության դեպքերով ունեցել ենք 1400 ահազանգ․ Արթուր Վարդանյան

Կանանց և աղջիկների նկատմամբ կատարված բռնության դեպքերի թիվը 2019 թվականի 10 ամսում գրանցվել է 1509 դեպք՝ 2018 թվականի 1928-ի դիմաց: Այս մասին այսօր լրագրոների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։ 

«Այսինքն` կանանց և աղջիկների նկատմամբ կատարված բռնությունները 419 դեպքով նվազել են»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով Հայաստանում ընտանեկան բռնության հետ կապված խնդիրներին՝ Վարդանյանն ասաց, որ 2019 թվականի 10 ամսում ՀՀ-ում ընտանիքում բռնության դեպքերով ունեցել ենք 1400 ահազանգ: Այդ դեպքերով ՀՀ ոստիկանությունում հաշվառվել են 808 անձ, 618-ի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, իսկ 190-ի անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման նպատակով:  Օրենքն ընձեռել է բռնության ենթարկված անձանց պաշտպանության նոր հնարավորություններ: Մասնավորապես` նախազգուշացում ոստիկանության կողմից, անհետաձգելի միջամտության որոշում՝ դարձյալ ոստիկանության կողմից, պաշտպանական որոշում՝ դատարանի կողմից:

Նշենք նաև, որ Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոյեմբերի 25-ը` ՀՀ ոստիկանությունում բռնություն կատարելու դեպքերով հաշվառվել է 1533 անձ, 1066 անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, իսկ 375 անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել:

  • Կիսվել: