հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
1 միլիարդ 732 մլն դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 7 գույք ամրացվել է ՀՀ-ին

1 միլիարդ 732 մլն դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 7 գույք ամրացվել է ՀՀ-ին

Կառավարության որոշման երեք նախագծերով առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող ընդհանուր թվով 7 անշարժ գույքեր ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին դրանց հետագա տնօրինումն իրականացնելու նպատակով: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Նշված 7 գույքերը վերադարձվել է Գլխավոր դատախազության հայցերի հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացրած դատական ակտերով: Գույքերի նկատմամբ արդեն իսկ գրանցված է ՀՀ սեփականությունը: Գույքերը գտնվում են հիմնականում Երևան քաղաքում և Կոտայքի մարզում. ունեն տարբեր կադաստրային արժեքներ: Ամենամեծ կադաստրային արժեքով գույքը 730 մլն ՀՀ դրամ է»,- նշեց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց նշված գույքերը.

  • Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հողամաս հասցեում գտնվող 1.2 հա մակերեսով հողամասը. արժեքը՝ 730 մլն 462 հազար դրամ:
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող 2 հա մակերեսով հողամասը. արժեքը՝ 730 մլն դրամ
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 0.5 հա մակերեսով հողամաս. արժեքը՝ 9 մլն 388 հազար դրամ
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 0.4 հա մակերեսով հողամաս. արժեքը՝ 9 մլն 382 հազար դրամ
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 2.6 հա մակերեսով հողամաս. արժեքը՝ 431 մլն 915 հազար դրամ
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մկրտչյան փողոցի 36/1 հասցեում գտնվող 2.6 հա մակերեսով հողամաս. արժեքը՝ 427 մլն դրամ
  • Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող 3 հա մակերեսով հողամաս. արժեքը՝ 86 մլն 625 հազար դրամ:

«Սա մեր ստանձնած քաղաքական հանձնառությունների իրավական, օրինական իրացումն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Թվարկված 7 գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 1 միլիարդ 732 մլն դրամ է: Սա կադաստրային արժեքն է, և հետագա գնահատումը շուկայական արժեքի շրջանակներում մի քանի անգամ գերազանցելու է հնչեցված թվային արտահայտումը»,- նշեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նա ասաց, որ 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ 2023 թվականի սկզբին ներդրված համայնքային շահերի գործառույթի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում ընդհանուր վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը:

  • Կիսվել: