հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Զվարթնոցը» մնացել է ռուսական ու բելառուսական ավիաընկերությունների հույսին. Hetq.am

«Զվարթնոցը» մնացել է ռուսական ու բելառուսական ավիաընկերությունների հույսին. Hetq.am

Կորոնավիրուսի տարածմամբ եւ մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո մի շարք օտարերկրյա ավիափոխադրողներ ժամանակավոր դադարեցրին օդային հաղորդակցությունը մեր երկրի հետ: Այդուհանդերձ, քանի որ հիմնական ուղեւորահոսքը Ռուսաստանի հետ է, էական նշանակություն ունեցավ մարտի 26-ին «Ռոսավիացիայի» հայտարարությունն այն մասին, որ ամսի 27-ի 00:00-ից Ռուսաստանը դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ այն չվերթների, որոնցով ՌԴ քաղաքացիները կվերադարձվեն Ռուսաստան, եւ հակառակը՝ օտարերկրացիները կմեկնեն իրենց երկրներ: 

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը երեկ լրագրողներին հայտնեց, որ ներկա պահին դեպի մեր երկիր թռիչքներ ունեն ռուսական 4 եւ բելառուական 1 ավիաընկերություն (բելառուսական «Բելավիային» անդրադարձել ենք): Ուղեւորահոսքը, ըստ փոխնախարարի, եւս կրճատվել է. եթե մարտի 8-ի դրությամբ օրական 6000 մարդ է ժամանել ու մեկնել, ապա ամսի 27-ի դրությամբ այդ թիվը եղել է շուրջ 800: 

Համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ այսօր դեպի Երեւան արդեն իսկ 2 չվերթ է իրականացրել ռուսական խոշորագույն օպերատորը՝ «Աէրոֆլոտը», երկուսն էլ՝ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանից: Քիչ առաջ վայրէջք է կատարել Սոչիից ժամանող «Ural Airlines»-ի ինքնաթիռը: Այս պահին դեպի Երեւան ճանապարհին են «S7»-ի եւ «Nordwind Airlines»-ի օդանավերը, փոխարենը Մոսկվա է վերադառնում «Աէրոֆլոտի» երկրորդ ինքնաթիռը:

 

 

Ահա սրանք են փոխնախարարի նշած ավիաընկերությունները: 

«Զվարթնոցի» չվացուցակով վաղը նախատեսված է «Աէրոֆլոտի» 3 չվերթ Մոսկվա-Երեւան-Մոսկվա ուղղությամբ: Կրկնենք, որ ռուսական ընկերությունների թռիչքները բացառապես մի նպատակի են ծառայում՝ ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Ռուսաստան, ՀՀ քաղաքացիներին՝ Հայաստան: 

Ներկա պահին չվերթներ է ընդունում եւ ճանապարհում միայն «Զվարթնոցը», քանի որ «Շիրակը» ժամանակավոր զրկվել է միակ հաճախորդից՝ ռուսական «Պոբեդայից»:    

  • Կիսվել: