Զրոյից նոր ու ժամանակակից գյուղ է կառուցվելու
Կառավարության այսօրվա ՝ օգոստոսի 27-ի նիստում քննարկվել է Կասպի ջրամբարի կառուցման և Ջրաձոր գյուղի տեղափոխման հարցը։
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նա նշեց, որ 1988-ի երկրաշարժի հետեւանքով ջրամբարի շինարարությունը կասեցվել է, որի հետեւանքով այսօր ունենք քիչ չափով կառուցված պատվր, շրջանցիկ թունել, որով գետը շրջանցում է պատվարը: «Ծրագրի առաջին փուլով նախատեսված է Կասպի ջրամբարի շինարարություն՝ 25 մլն խմ տարողությամբ: Երկրորդ փուլով նախատեսվում է մինչեւ 60 մլն խմ տարողությամբ ջրամբարի կառուցում։
Առաջին փուլի ժամանակ Ջրաձոր բնակավայրի մի քանի տներ պետք է ջրածածկվեին, իսկ ամբոջ բնակավայրի վերաբնակեցման խնդիրը կհասունանա երկրորդ փուլի ժամանակ: Սակայն հետռազոտությունը ցույց տվեց, որ վերաբնակեցումը պետք է արվի հենց առաջին փուլի ժամանակ»։
Նրա փոխանցմամբ՝ գյուղի վերաբնակեցման երկու տարբերակ է եղել. բնակարանների գնման սերտիֆիկատներ տալ բնակիչներին, եւ երկրորդը՝ նոր բնակավայրի կառուցում: Առաջին տարբերակով արժեքը եղել է 3,2 մլրդ դրամ, իսկ նոր բնակավայրի ստեղծման դեպքում 4,9 մլրդ դրամ է արժեքը: Բնակիչները հակված են ամբողջական վերաբնակեցմանը:
«Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, ժամանակակից բովանդակությամբ, առանձնացված անասնապահական եւ բնակելի հատվածներով: Դա հնարավորություն է ունենալու նոր տիպի բնակավայր, որը ներդաշնակորեն կամբողջացնի զբոսաշրջային, նաեւ այլ կարգի ներուժը:
Շուրջ 10 ամսվա նախագծման աշխատանքներից հետո մենք կներկայացնենք նոր բնակավայրի նախագիծը, որից հետո կսկսենք շինարարության մրցույթ եւ շինարարության գործընթացը»,-ասաց նա:
Քննարկումների արդյունքում Կառավարությունն ընդունեց «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման եւ վերաբնակեցման գործողությունների պլանը:


