շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում զորակոչ է լինելու․ Բեգլարյան

Արցախում զորակոչ է լինելու․ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը իր ամենամյա մամուլի ասուլիս ժամանակ ներկայացրեց ծրագրերն ու ոլորտները, որոնք իր համակարգման տակ է։

Զորակոչ լինելու է Արցախում։ Հակառակի մասին որոշում չկա․  ասաց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք բանակը անցնում է լրիվ պայմանագրային ծառայության և 18 տարեկանները չեն զորակոչվելու։

«Անգամ քննարկումներ չկան, որ զորակոչ չի լինելու»,- ասաց Արտակ Բեգլարյանը նշելով, որ ոստիկանական ուժերը ներգրավված են լինելու ներքին անվտանգության ապահովման գործընթացներին։

Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, ապա պետնախարարը խոստացավ դրանց մասին խոսել, երբ նախագիծը ներկայացվի։ «Ընդհանուր ծանոթ եմ: ԱԺ-ում բաց քննարկում է լինելու, օրենքը կհրապարակվի: Բայց ընդհանուր գիտեմ, որ ոստիկանության զորքերը զբաղվելու են ներքին անվտանգության պաշտպանությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտաքին սպառնալիքների չեզոքացմամբ»,- ասաց պետնախարարը։

Արտակ Բեգլարյանն իր խոսքում նաև նշեց, որ իրենց առջև դրված խնդիրներից առաջնային է բնակարանաշինության խնդիրը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

ԱՀ պետնախարարը առողջապահական ոլորտի մասով նշեց, որ նախարարը հանդես կգա առանձին մամուլի ասուլիսով, բայց շեշտեց, որ Արցախում բժշկական ծառայությունն անվճար է։

Կրթության ոլորտում բարեփոխումները ներկայացնելիս Արտակ Բեգլարյանն ասաց, որ Արցախում նախատեսվում է Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրի մասնաճյուղը բացել՝ հիշեցնելով, որ նման կրթահամալիր կա նաև Երևանում։

Բեգլարյանը ներկայացրեց սոցիալական ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: