երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հայտարարությունը՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հայտարարությունը՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

՛՛Արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշումը ուշացած է, սակայն շարունակում է մնալ Սահմանադրության շրջանակներում միակ ֆորմալ և նվազագույն քայլը, որը միտված է քաղաքական ճգնաժամի հաղթահարման փորձին:

Անհրաժեշտ է նաև գիտակցել, որ միայն ընտրությունների արդյունքում չի կարող հաղթահարվել քաղաքական ճգնաժամը, հատկապես, երբ «քաղաքական պատասխանատվության» ինստիտուտի բացակայությամբ պայմանավորված՝ չկան ազատ և արդար ընտրությունների անցկացման նվազագույն երաշխիքներ:

Արտահերթ ընտրությունները կշարունակեն մնալ որպես անարդյունք արարողակարգ և ավելի կխորացնեն ճգնաժամն ու անորոշությունները, եթե, առաջին հերթին, իշխանության, և ապա քաղաքական մնացյալ դերակատարների կողմից այն չուղեկցվի քաղաքական բարձր պատասխանատվությամբ և հանրային շահի հստակ գերակայությամբ:

Այսպիսով, արտահերթ ընտրությունները քաղաքական դերակատարների կողմից պետք է դիտարկվեն ոչ թե նպատակ, իսկ իշխանությունների դեպքում` հանրային պահանջի ֆորմալ բավարարում, այլ` որպես նվազագույն անհրաժեշտ միջոց` ուղղված քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը՛՛:

 

  • Կիսվել: