կիրակի, մայիս 29
29 / 5 / 2022
Ժիրայր Լիպարիտյանն, ըստ երեւույթին, չի տեսնի Արցախի միջազգային ճանաչումը․ Արտակ Բեգլարյան

Ժիրայր Լիպարիտյանն, ըստ երեւույթին, չի տեսնի Արցախի միջազգային ճանաչումը․ Արտակ Բեգլարյան

«Սպիտակ փաստաթղթի» բովանդակությունը նրա հեղինակների կարծիքն է, բայց ոչ պաշտոնական դիրքորոշում։ Այս մասին հունվարի 18-ին մամուլի ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով  այն հարցին, թե ինչ է մտածում փաստաթղթի մասին եւ արդյոք նրա բովանդակությունը քննարկվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում։

«Փաստաթղթի բովանդակությունը հեղինակների կարծիքն է։ Նրանք էլ են դա ասել։ Փորձագիտական կարծիք, որը չի նշանակում, թե այն արտացոլում է պաշտոնական կարծիքը։ Մեզ համար կարեւոր է ծանոթ լինել փորձագետների վերլուծությանը։ Բայց ես գիտեմ նաեւ այլ փորձագետների կարծիքը։ Եվ ինքս էլ, փորձագետ լինելով, վերլուծություն եմ անում։ Իհարկե, նշված փաստաթղթում կան արժեքավոր բաներ, բայց կան նաեւ եզրահանգումներ, որոնց հետ ես միանշանակ համաձայն չեմ, այդ թվում այն բանի հետ, որ Արցախը հեռանկարներ չունի։ Իմ տեսակետը ես ներկայացրել եմ այդ փաստաթղթի հեղինակների մի մասին։ Անգամ վիճել եմ։ Կարծում եմ, որ Արցախը հեռանկարներ ունի, եւ դրա երաշխիքը այս հողի վրա ապրելն ու արարելն է։ Եվ հետեւողականորեն, պրոֆեսիոնալ կերպով մեր պետականությունը ամապնդելը։ Դա դժվար եւ երկար ճանապարհ է, բայց ես վստահ եմ, որ արդյունք կլինի։ Ես Ժիրայր Լիպարիտյանին՝ համահեղինակին, ներկայացրի իմ կարծիքը եւ ասացի, որ նա, գուցե, չի տեսնի Արցախի միջազգային ճանաչումը, քանի որ բավական տարիքով է։ Բայց ես համոզված եմ, որ այդ պահը գալու է։ Համառության եւ պրոֆեսիոնալիզմի պայմանով։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, ապա մենք նրա հետ փաստաթուղթը չենք քննարկել։ Ավելի շուտ՝ բանակցությունների նրա փորձը 90-ականներին եւ նրա կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում եւ հումանիտար»,- նշեց Բեգլարյանը՝ ավելացնելով, որ սկզբունքային տարաձայնություններ ունի Հայաստանի առաջին նախագահի դիրքորոշման հետ։ 

  • Կիսվել: