ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ժաննա Անդրեասյանը Կազանում կմասնակցի կրթության միջազգային ֆորումին

Ժաննա Անդրեասյանը Կազանում կմասնակցի կրթության միջազգային ֆորումին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կմասնակցի «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Կրթության միջազգային ֆորումը հարթակ է, որը համախմբում է ԲՐԻԿՍ և «Շանհայի համագործակցության կազմակերպության» երկրների կրթության նախարարներին, ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու հիմնական խնդիրները և ներկայացնելու դրանց լուծման հնարավորությունները, իրականացնելու կրթության ոլորտում ձեռքբերած հաջողությունների փորձի փոխանակում:

2023 թվականի «Ձևավորելով ապագան»  խորագրով ֆորումն ուղղված է կրթության համաշխարհային խնդիրների քննարկմանը՝ մասնավորապես կրթության քաղաքականության ճկունությանը, դպրոցականների օլիմպիադաների մասնակցության մոտիվացիայի խթանմանը և արդյունքների մոնիթորինգին, առցանց դպրոցների առավելությանը և խնդիրներին ինչպես դպրոցների, այնպես էլ միջին և բարձրագույն մասնագիտական կրթության հաստատությունների սովորողների համար։

Ֆորումի շրջանակում կներկայացվեն նաև ազգային մակարդակներում հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում հիմնական ձեռքբերումները։ Անդրադարձ կկատարվի կրթության հիմնական բաղադրիչներին` ամբողջ կյանքի ընթացքում կրթության հնարավորություն, կրթության որակի գնահատումն ազգային մակարդակում, դաստիարակության դերը կրթական գործընթացում, նորարար մանկավարժությունը` անցյալի հանդեպ հարգանքով և ապագայի հետաքրքրությամբ։

Ֆորումին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կներկայացնի ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև կրթական համակարգի ձեռքբերումները:

Նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ ու քննարկումներ հանրակրթության և բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների ղեկավար կազմերի հետ։

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

  • Կիսվել: