հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ժամը 01:30-ին կհրապարակվի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մասին դատարանի որոշումը

Ժամը 01:30-ին կհրապարակվի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մասին դատարանի որոշումը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մասին դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 1:30-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել:

՛՛Ընդ որում, քանի որ Գագիկ Ծառուկյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, չէին կարող նրան առանց այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու ազատությունից զրկել միակ պայմանը դրա համար նա էր, որ իբր նա հանցանք կատարելու պահին է բռնվել, կամ անմիջապես դրանից հետո:

Իրենք ասում են՝ ոչ թե հանցանք կատարելու պահին է բռնվել, այլ անմիջապես դրանից հետո, բայց ոչ մեկը ի վերջո չի կարողանում ասել, թե ով է բռնել, երբ եւ որտեղ, քանի որ Գագիկ Ծառուկյանը ծանուցագիր է ստացել ժամը 12:10-ին ներկայանալ ԱԱԾ, եւ 12:40-ին մինչեւ հավաքը սկսվելը գտնվել է ԱԱԾ-ում, դրանից հետո 23:25-ին ձերբակալվել է, հիմա հարց` եթե ասում են հանցանք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել է, պետք է ասեն ե՞րբ է ավարտվել հանցագործությունը, դրանից անմիջապես հետո բռնել են եւ ո՞վ է բռնել: Բնականաբար պատասխաններ չկան եւ ստացվում է, որ Գագիկ ծառուկյանը գտնվելով ԱԱԾ-ում, այնտեղ հանցագործություն է կատարել եւ այնտեղ էլ բռնել են նրան՛՛,-ասաց փաստաբանը:

Նա նաև հույս հայտնեց, որ դատարանը վեր կկանգնի այդ պրոցեսներից եւ կկայացնի իրավական որոշում:

  • Կիսվել: